Կենդանիներին, որոնց երկար տարիներ պահել ու խնամել է Գագիկ Ծառուկյանը, երեկ տեղափոխեցին Կենդանաբանական այգի։ Այսօր օրվա երկրորդ կեսին արդեն լուրեր պտտվեցին, որ առյուծը Կենդանաբանական այգում անկել է։
Րոպեներ առաջ միայն լուրը պաշտոնապես հաստատվեց։ Կենդանաբանական այգուց հաղորդագրություն տարածեցին՝ պնդելով, թե առյուծը քնեցումից չի արթնացել՝ «ուղեկցող հիվանդությունների պատճառով»։
«Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։
Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- նշված է պարզաբանման մեջ։










