Սա ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հերթական զազրելի հետապնդումն է․ Մանե Թանդիլյան


Սա ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հերթական զազրելի հետապնդումն է․ Մանե Թանդիլյան
Հուլիս 7 14:58 2026

Խստորեն դատապարտում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական ենթատեքստով իրականացվող իրավական գործողությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

 

«Սա ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հերթական զազրելի հետապնդումն է, որը տեղի է ունենում բացառապես Նիկոլ Փաշինյանի ուղիղ հանձնարարականով։

 

Շոուներով և ցուցադրական գործողություններով ուղեկցվող այս գործընթացը վառ ապացույցն է, որ իրավապահ և դատական համակարգերը ծառայեցվում են քաղաքական նպատակներին, իսկ ընտրովի արդարադատությունը դարձել է իշխանության գործելաոճի անբաժանելի մասը։

 

Ապշեցուցիչ են անձի սեփականության և անձնական տարածքի նկատմամբ անհարգալից ու չհիմնավորված ոտնձգությունները, որոնք անգամ աղերս չեն կարող ունենալ քննչական գործողությունների հետ։ Սա օրվա իշխանությունների կամայականության և բռնատիրական գործելակերպի ցայտուն օրինակն է, որի նկատմամբ հրավիրում եմ միջազգային հանրության, հատկապես եվրոպական ղեկավարների ուշադրությունը։

 

Խիստ մտահոգիչ է նաև հարուցված քրեական գործի հետ որևէ կապ չունեցող մի շարք ձեռնարկությունների գործունեության պարալիզացումը, որն անմիջականորեն անդրադառնում է հազարավոր աշխատակիցների վրա։

 

Աջակցությունս եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին և Փաշինյանի քմահաճույքով բանտերում ու մեկուսարաններում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է նա: