Ինձ համար առանձնահատուկ տեղ ունի նրա կերտած Գարեգին Նժդեհի կերպարը, դա պարզապես դեր չէր, դա առաքելություն էր. Հրաչ Քեշիշյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին


Ինձ համար առանձնահատուկ տեղ ունի նրա կերտած Գարեգին Նժդեհի կերպարը, դա պարզապես դեր չէր, դա առաքելություն էր. Հրաչ Քեշիշյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին
Հուլիս 7 13:20 2026

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը ցավակցական խոսք է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ։

«Խոր ցավով ընդունեցի Արտաշես Ալեքսանյանի մահվան լուրը։

Հեռացավ դերասան, որի ներկայությունը միշտ ավելին էր, քան պարզապես բեմական կամ կինոյի կերպարը։ Նա ուժեղ անհատականություն էր, արժանապատիվ մարդ, սիրող հայր, հավատարիմ ընկեր։ Նրա հուժկու ձայնի, ազդեցիկ արտաքինի ու աժդահա կերպարի ներքո ապրում էր նուրբ, խորը և չափազանց զգայուն մարդ, որը մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում թե՛ իր մասնագիտությանը, թե՛ իր երկրին։

Ինձ համար առանձնահատուկ տեղ ունի նրա կերտած Գարեգին Նժդեհի կերպարը։ Դա պարզապես դեր չէր։ Դա առաքելություն էր, որը նա կրեց մեծ նվիրումով, ներքին հավատով ու պատասխանատվությամբ։ Կարծում եմ՝ նա մարմնավորեց մեր ժամանակների հայկական կինոյի ամենակարևոր պատմական կերպարներից մեկը՝ ստեղծելով Նժդեհի այնպիսի կերպար, որը երկար կմնա մեր մշակութային հիշողության մեջ։ Այդ դերը նրա համար իսկապես տիտղոսային էր։

Արտաշեսը խոր հայրենասեր մարդ էր։ Նա սիրում էր իր երկիրը ոչ թե խոսքերով, այլ իր վերաբերմունքով, աշխատանքով ու ապրած կյանքով։

Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու սիրել են նրան։

Լուսավոր հիշատակ, Արտաշես։ Քո ձայնը, քո հայացքը և քո ստեղծած կերպարները կմնան մեզ հետ»,- նշել է Քեշիշյանը։