«Ես պետք է բոլորիդ հիշեցնեմ, որ տիկին Ուրսուլա Ֆոն դեր Լայնը գնացել է իր վաղեմի գործընկերոջ մոտ։ Երևի թե մոռացել եք, որ 2020 թվականի նոյեմբերից անմիջապես հետո տիկին Ուրսուլան գնացել է Ադրբեջան և պարգև է տվել՝ 2 միլիարդանոց պայմանագիր ստորագրելով միջազգային հանցագործ հանդիսացող Իլհամ Ալիևի հետ»,-կԿառավարության շենքի մոտ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայիս այցը տարածաշրջան պատահական չէ և պայմանավորված չէ որևէ այլ հանգամանքով։
«Նա շարունակում է այն գործունեությունը, որի համար իրեն առաջ են քաշել ոչ թե Եվրոպայի ժողովուրդները, այլ հայտնի ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները»,– ասաց Ալավերդյանը։
Նա նշեց, որ, իր գնահատմամբ, խնդիրը միայն Հայաստանի իշխանությունները չեն։
«Մենք պետք է հասկանանք, որ ոչ թե մենք գործ ունենք այդ գրեթե անմեղսունակ, քաղաքական անմեղսունակությյամբ տառապող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կոչված անձանց հետ։ Մենք գործ ունենք ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների ներկայացուցիչների հետ, որոնք արդեն հմուտ են թե նախկինում որպես գաղութատերեր և հիմա տիրապետում են ամբողջովին քաղաքական մանիպուլյատիվ տեխնոլոգիաներին։ Հայաստանը հերթական զոհն է այդ մանիպուլյացիաների»,– ընդգծեց նա։
Ալավերդյանը հիշեցրեց, որ տարիներ շարունակ նույն գնահատականն է տվել Եվրոպական հանձնաժողովի նախագահին։
«2020 թվականից հետո ես միշտ ասել եմ՝ արյունոտ Ուրսուլա։ Եվրոպական գրականության մեջ հայտնի է այդպիսի անվանում, և այսօր Հայաստան է եկել ահա այդ տիկինը, որը իրապես իրավունք չունի այլ անունով կոչվել, քան արյունոտ Ուրսուլա»,– ասաց նա։
Իրավապաշտպանը նաև անդրադարձավ Հայաստանում իրականացվող քրեական հետապնդումներին՝ նշելով. «Ասում են՝ մի դրական բան չեն արե՞լ ՔՊ-ականները։ Արել են. այսօր կալանավորման, նախնական կալանավորման վայրերում, տնային կալանքում գտնվող և մինչ այդ և հիմա հետապնդվող մարդկանց կրթական մակարդակը կտրուկ բարձրացել է։ Մի նայեք, ովքեր են այսօր հետապնդվում, այդ բոլորը նշանակում է, որ այսօրվա այս ՔՊ-ականների առաջնորդը իրեն համարող անձը պարզապես շարունակում է, ինչպես ինքն է ասել, էլիտաների դեմ իր պայքարը աննկուն, և ինքը շարունակելու է դա մինչև մենք չկարողանանք միասնական ձայն բարձրացնենք և, ի տարբերություն այսպես կոչված «իրական Հայաստանի», ցույց չտանք իսկական Հայաստանի դեմքը»։
Նա կոչ արեց հասարակական, իրավապաշտպան և քաղաքական կազմակերպություններին ստեղծել հետապնդումների վերաբերյալ միասնական շտեմարան։
«Ես կոչ եմ անում բոլոր հասարակական կազմակերպություններին, իրավապաշտպաններին, քաղաքական բոլոր կազմակերպություններին անպայման շտեմարան ստեղծել այս բոլոր տարիների այս բռնոցի-բաց թողեցի-խաղի բոլոր այդ մարդկանց ցուցակը։ Մենք պարտավոր ենք ուղղակի դիմել թե ՄԱԿ-ի մարմիններին և թե Եվրոպայի մարմիններին՝ ցույց տալու համար, թե քանի տասնյակ մարդկանց հետապնդում է տեղի ունեցել»,– նշեց Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ որպես Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան՝ ինքը դժվարանում է նշել, թե մեր երկրում որ իրավունքը չի խախտվում։
«Ես որպես մարդու իրավունքների Հայաստանում առաջին պաշտպան դժվարանում եմ արդեն ասել, թե որ մի իրավունքը չի ոտնահարվում Հայաստանում։ Դժվար է մինչև անգամ նշել, թե որ մի իրավունքը՝ քաղաքական, անձնական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական, մշակութային, չի ոտնահարվում Հայաստանում»,– ասաց նա։
Ալավերդյանի գնահատմամբ՝ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։
«Այսօր մենք գտնվում ենք մի հզոր մարտահրավերի առջև, ու մենք պետք է ցույց տանք, որ այդ մարտահրավերները մենք կարողանում ենք հաղթահարել։ Հակառակ պարագայում այս ինչը կոչվում է իշխանության զավթում, իշխանության յուրացում և որը Սահմանադրության երրորդ կետով հանցագործություն է, շարունակվելու է, որովհետև եթե հանցագործությունը չի պատժվում, նա կրկնվում և ավելի ու ավելի դաժան ձև է ընդունում»,– նշեց նա։
Ալավերդյանը հույս հայտնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցների ձայնը կհասնի թե՛ արտասահմանյան հյուրին, թե՛ Հայաստանի հասարակությանը։
«Ես հույսով եմ, որ մեր այսօրվա ձայնը կհասնի ոչ միայն այդ հյուրին անկոչ, այլ կհասնի Հայաստանի Հանրապետության հասարակությանը։ Հիշեցնեմ՝ Հայաստանը ավելի պաշտպանված չէ, քան Արցախը։ Արցախի հանձնումը դաս պիտի լինի Հայաստանի քաղաքացիների համար»,– ասաց նա։
Իրավապաշտպանը նաև անդրադարձավ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի վերաբերյալ շրջանառվող նախաձեռնություններին։
«Այսօր մենք գիտենք, որ նոր օրենք են ուզում ընդունել՝ զրկելով Հայաստանի Հանրապետության գրեթե մեկ միլիոն քաղաքացիներին, որոնք տարբեր պատճառներով ապրում են, հայտնվել են տարբեր պետություններում, ուզում են զրկել ընտրելու իրավունքից։ Դա, ես էլի եմ ասում, վերջ չէ, դա սկիզբ է նոր բռնաճնշումների ալիքի»,– հայտարարեց Ալավերդյանը։
Եզրափակելով ելույթը՝ նա կոչ արեց միասին ասել՝ «Ursula, shame on you»։










