Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, և ՀՀ-ն պետք է կառավարի դա. Փաշինյան


Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, և ՀՀ-ն պետք է կառավարի դա. Փաշինյան
Հուլիս 2 18:12 2026

Մենք սկսել ենք պրոցեսները, որոնք միտված են Գյումրի-Ախուրիկ հատվածի և Երասխի հատվածում երկաթուղու վերականգնմանը և մենք անելու ենք այդ աշխատանքները։

Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Աշխատանքային քննարկումները շարունակելու ենք այդ թվում Ռուսաստանի մեր գործընկերների հետ, և մեր դիրքորոշումները չեն փոխվել և չեն փոխվելու։

Չեն փոխվելու օբյեկտիվ պատճառներով. մենք չենք կարող դիտորդի նման հետևել, թե ոնց կարող են այդ թվում մեր՝ գործողություններ չձեռնարկելու պատճառով միջազգային երկաթգծերը մտնել Հայաստան և Հայաստան մտնելով՝ շրջանցել Հայաստանը։

Չի կարող էդպիսի բան լինել»։

Հավելեց՝ երկաթուղին ՀՀ սեփականությունն է, և ՀՀ-ն պետք է կառավարի դա. «Մանրամասները չեմ կարող ասել, այդ թվում աշխատանքային քննարկումների արդյունքում պետք է այդ հարցը լուծենք»։