Ֆոն դեր Լայենը գովում է մեկին, որը ՀՀ բանտերը լցնում է քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան


Ֆոն դեր Լայենը գովում է մեկին, որը ՀՀ բանտերը լցնում է քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան
Հուլիս 2 16:38 2026

«Մենք այստեղ ենք եկել ի ցույց բողոքի, որ աշխարհում մարդու իրավունքների, ժողովրդավարության գաղափարների պաշտպանության առաքելությունը ստանձնած կառույցներից մեկի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գտնվում է այստեղ և ձեռք սեղմում է անում, գովեստի խոսքեր է շռայլում մարդու նկատմամբ, որը Հայաստանի բանտերը լցրել է քաղաքական բանտարկյալներով»,- կառավարության շենքի մոտ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Նա նշեց, որ մինչ Հայաստան այցելելը Եվրոպական հանձնաժողովի նախագահը եղել է Բաքվում։

«Այստեղ գալուց առաջ, տիկին Ֆոն դեր Լայեն, դուք գտնվում էիք Բաքվում, սեղմել եք մի մարդու ձեռքը, որը թաթախված է արյան մեջ, որի ձեռքով հարյուր հազարավոր մարդիկ տնավեր են դարձել և չեն ապրում իրենց հազարամյակների բնօրանում: Իսկ այսօր դուք այստեղ ձեր այցով, ձեր դիվանագիտական ժեստով խրախուսում եք ավտորիտարիզմը Հայաստանում»,- ասաց Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցը խրախուսում է նաև մարդկանց ձերբակալությունները՝ ազատ խոսքի և ազատ կարծիքի համար։

«Դուք խրախուսում եք, որ մարդիկ ձերբակալվեն ազատ խոսքի համար, ազատ կարծիքի համար: Ազատ խոսքը հանցանք չէ։ Freedom is not a crime։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- նշեց նա։

Սողոմոնյանի խոսքով՝ իրենք ցանկանում են իրենց ձայնը հասցնել Եվրոպական հանձնաժողովի նախագահին։

«Մեր ձայնը մենք ուզում ենք հասցնել ձեզ, որ իմանաք, որ այդ թվում ձեր խրախուսմամբ այսօր Հայաստանում իրավապահ համակարգը չի զբաղվում հանցագործություններով: Այսօր Հայաստանում աճում են հանցագործությունները, մարդասպանությունները, դանակահարությունները, թմրամոլությունը, քանի որ իրավապահ համակարգը ծանրաբեռնված է գործող իշխանությունների օպոնենտների դեմ գործեր կարելով»,- ասաց նա։

Ելույթի ավարտին Սողոմոնյանը հայտարարեց, որ ազատության, սահմանադրականության և ընտրական իրավունքի պաշտպանության մասին խոսող անձինք այսօր գտնվում են բանտերում։

«Այսօր բոլոր մարդիկ, ովքեր խոսում են ազատությունից, խոսում են սահմանադրականությունից, պաշտպանում են ընտրական իրավունքը, այսօր բանտերում են: Այդ բռնաճնշումները վերաբերում են ինչպես հին փորձառու, այնպես էլ նոր ուժերին»,- եզրափակեց Մենուա Սողոմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։