Մոտ երկու շաբաթ է՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի համատեքստում քննարկումների օրակարգ է վերադարձել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, պատճառը փակ քննարկում կազմակերպելու նրա վերջին առաջարկն է:
«Առաջարկում եմ Ազգային ժողովում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ քննարկմանը ներգրավելով այդ ժամանակահատվածում պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին և զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։
Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն»,- նշվում է գեներալի տարածած հայտարարության մեջ, որին 168.am-ն անդրադարձել է:
Գրեթե նույն ժամանակում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ում, ըստ էության, Օնիկ Գասպարյանը ևս հրավիրում էր փակ հանդիպման, 24News-ի հետ զրույցում անդրադառնալով ԳՇ նախկին պետի առաջարկին՝ նշել է.
Կարդացեք նաև
Ոչ երանի հաջորդ վարչապետին… պետական բյուջեն՝ ՔՊ-ի նախընտրական բյուջե. 300.000-ին բերելու են՝ քանդեն Հայաստանը. Դավիթ Անանյան
Զելենսկուն բերում ես, որ ի՞նչ անես, արա՛, 5 գրամ խելք չկա՞ ուղեղումդ, ջառմեն քաշելու է Հայաստանը… Ես հայրենիք եմ ուզում, ժողովուրդ ջան, ոչ թե մանդատ. Էդուարդ Շարմազանով
Չեխիան Սլովակիայի օրինակով մտադիր է Բաքվին ոչ միայն սպառազինություն վաճառել, այլև համատեղ ձեռնարկություն բացել
«Այն հարցերին, որոնք ինձ տրվել են քննիչ հանձնաժողովում, տվել եմ սպառիչ պատասխաններ։ Նույն փոցխի վրա չեմ ուզում կանգնել ևս մեկ անգամ։ Ես ավելացնելու բան չունեմ, եթե չլինեն ավելի մասնագիտական հարցեր։ Եվ չեմ կարծում, որ նախընտրական փուլում այդպիսի քննարկումները նպատակահարմար են, որովհետև լինի փակ թե բաց, դա շահարկումների տեղիք է տալու` ոչ մասնագիտական և ոչ կոմպետենտ»:
168-ը գրում է․
Ապրիլի 18 լույս 19-ին տարածված հայտարարություն-առաջարկից հետո ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» միջոցով պատասխանելով փակ հանդիպում կազմակերպելու առաջարկին, արձագանքել է. «Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում երկու օր պատասխանել է հարցերի, և դա ներառված է զեկույցում: Բոլոր բացատրությունները ինքը տվել է, ներկայացրել նաև իր նկատառումները: Հիմա ի՞նչ է ուզում»:
Բայց մեկ էլ ապրիլի 30-ին 24News-ի հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ով մասնակցել է 44-օրյայի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ասել է, որ առաջարկել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, որ կազմակերպվի ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փակ հանդիպումը հանձնաժողովի անդամների հետ, և իբր Քոչարյանն ընդունել է այդ առաջարկությունը, այսինքն, մտափոխվե՞լ է:
«Շուտով այդ հարցի պատասխանը կիմանաք։ Հնարավոր է, որ կազմակերպվի Օնիկ Գասպարյանի փակ հանդիպումը հանձնաժողովի անդամների հետ։ Իհարկե, երկու օր իրար հետ հարցուպատասխանի ենք մասնակցել, երևի ինչ-որ բան է հիշել կամ ինչ-որ բան ունի ասելու, որ նոր է հիշել։ Եվ եթե երկու օր աշխատելուց հետո ինչ-որ բան է առաջացել, ես ուրախ կլինեմ, որ ինքը գա և ասի, թե ինչ հարցեր են մնացել։ Շատ հարցերից է խոսել, պատմել, ամեն ինչ ասել է։ Բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ է տվել, խնդիր չենք տեսել։ Հիմա մենք ուրախ կլինենք, որ գա և էդ լրացուցիչ մասը… Կրկնում եմ, ես դիմել եմ Անդրանիկ Քոչարյանին, ինքն էլ դրական մոտեցում ունի էդ հարցում, և կարծում եմ, որ շատ շուտով հանդիպումը կկազմակերպվի»,- շարունակել է ՔՊ-ական գեներալը:
Հակադարձմանը՝ Դուք Օնիկ Գասպարյանի արարքներում հանցակազմ տեսե՞լ եք, Գագիկ Մելքոնյանն արձագանքել է՝ քննիչ չեմ, դատավոր չեմ։
Հիշեցնենք, որ սա նույն Գագիկ Մելքոնյանն է, որը 2021 թվականին մարտին, երբ արդեն Գլխավոր շտաբը պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հայտարարում էր. «Օնիկ Գասպարյանը պետք է հրաժարական ներկայացնի, պատերազմն ինքն է տանուլ տվել»:
Ավելին, 2022 թվականի հուլիսին էլ ասում էր, որ շատ-շատ մոտ է այն օրը, երբ Օնիկ Գասպարյանը պիտի դատարանի առաջ պատասխան տա: Իսկ «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան հաստատելու համատեքստում Գագիկ Մելքոնյանը գաղտնազերծումներ էր արել, որ «թիրախներ կան, որ, օրինակ, պետք է խոցվեին 25-35 կիլոմետրի վրա, և այդ թիրախներին հարվածողը ոչ թե «Իսկանդերը», այլ մեկ այլ հրթիռ է, և նմանատիպ պլանավորման դեպքում, իհարկե, մենք պարտություն պետք է կրեինք»:
Բավականին երկար և խառը պատմություն է ստացվում, որոնց մասին Օնիկ Գասպարյանի պարզաբանումները լսելուց է երևի մտափոխվել Գագիկ Մելքոնյանը, գուցե նաև այլ պատճառ կա դրա համար: Իսկ թե ինչ կլինի վերջնահաշվարկում՝ արդյո՞ք նախընտրական այս շրջանում կկազմակերպվի ԳՇ նախկին պետի ուզած փակ հանդիպումը, ցույց կտա ժամանակը, նաև, թե ով որքանով է այս դաշտում կոնկրետ խաղ տանում: Մի բան հստակ է՝ ՔՊ-ականների առաջ 44-օրյա պատերազմի ժամանակ առանցքային կարգավիճակ ունեցած մարդու հերթական հանդիպումը ոչ մի բան իր տեղը չի դնելու: Ամեն դեպքում, սպասենք իրադարձությունների զարգացմանը:
Իսկ այս ընթացքում ԳՇ նախկին պետի մերձակա շրջապատն իրեն պաշտպանելու քողի տակ իրականում զբաղված է Նիկոլ Փաշինյանին «մաքրելով»:
Ուշագրավ է, երբ պատերազմից 6 տարի անց է միայն Օնիկ Գասպարյանի խորհրդական ներկայացված անձը հանկարծ հիշում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ-ում ռազմական դրություն է հայտարարված եղել, և Նիկոլ Փաշինյանը չէր կարող գլխավոր հրամանատարի լիազորություններ իրեն վերապահել, իսկ ԳՇ պետն էլ՝ նրան ուղիղ ենթարկվել, ինչի մասին 6 տարի է՝ գրում ենք, ինչ-որ առումով սլաքն ուղղելով Պաշտպանության նախարարի ուղղությամբ, այս դեպքում Օնիկ Գասպարյանն ավելի շատ բան է ունենում խոսելու և ապացուցելու, և ինչպես վերջերս ԳՇ պետի նախկին առաջին տեղակսլ Տիրան Խաչատրյանն էր մեզ հետ զրույցում նկատել՝ «եթե ռազմական դրության ժամանակ Փաշինյանը չէր կարող գերագույն հրամանատար լինել, ինչի՞ էին ամեն ինչ իրեն զեկուցում, և ինքն էր որոշում կայացնում»:
Կան բաց փաստեր, երբ Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանել, որ ռազմական որոշում է կայացրել, այլ հարց է՝ որքանով է դա իրականությանը համապատասխանում:
Այս շարքը կարելի է շարունակել, այդ թվում՝ Շուշիի հետ կապված:
Բայց սա դեռ ամենը չէ. Օնիկ Գասպարյանի խորհրդական ներկայացված անձն օրերս «սպառնացել» է. «Օնիկ Գասպարյանը, որ սկսի խոսալ, սկսելու է 90-ականների վերջից, թե Հայաստանն ի՞նչ ճանապարհով է գնացել, ի՞նչ են ստեղծել բանակի համար, ի՞նչ է ունեցել բանակը, երբ պատերազմը սկսեց, ՀՕՊ միջոցնե՞ր եք առել, զենք-զինամթե՞րք եք արտադրել, հրթիռնե՞ր եք առել, ի՞նչ եք առել բանակի համար… Բա պայթացնելու է, բայց գիտեք միայն Նիկոլ Փաշինյանի հե՞տ է կապված լինելու, բոլոր նախագահները կտուժվեն»:
Այն, որ նախկինների բանակում եղել են բացթողումներ, և կան հարցեր, որոնք պիտի ավելի վաղ լուծվեին, այդ թվում՝ սպառազինության հետ կապված, ոչ ոք չի վիճարկում, բայց երբ պատերազմի պարտության մեջ Գասպարյանի մերձակա շրջանակները սկսել են մեղավորներ հռչակել նախկին նախագահներին, միևնույնն է՝ այնքան էլ բարոյական չէ:
Ի վերջո, Օնիկ Գասպարյանը ներսից բանակը գիտեր, առնվազն կարող էր չմտնել ԳՇ պետի պաշտոնի պատասխանատվության տակ:
Ի դեպ, 2023 թվականին մանրամասն ներկայացրել ենք, թե ինչու Օնիկ Գասպարյանին 2018 թվականին չնշանակեցին ԳՇ պետ, երբ հենց այդ ժամանակ Փաշինյանի ընտանեկան թերթը նման տեղեկություն էր տարածել: Հավելենք, որ նա մասնակցել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո ԶՈւ զարգացման 7-ամյա ծրագրի մշակմանը, և կարող է հրապարակավ ասել՝ ինչ է դա իրենից ներկայացրել, հատկապես երբ ժամանակ առ ժամանակ դրա հետ կապված հարցեր են ծագում: Սա առաջին:
Երկրորդ, եթե Օնիկ Գասպարյանը կիսում է իր մերձակա շրջապատի, ընկեր-խորհրդատուների պնդումները, ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանին «ծառայում», բայց նույն ժամանակ զրույցներ ունենում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և ասում՝ «կարծեք թե մենք պետք է ավելին հանձնենք, քան հանձնել ենք»: Սա հաստատել է և՛ Սերժ Սարգսյանը, և՛ անգամ Նիկոլ Փաշինյանը:
Իսկ արդեն 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ Օնիկ Գասպարյանն իր աջակցությունն էր հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Եվ եթե հիմա կան բաներ, ինչից գուցե սրտնեղած է Օնիկ Գասպարյանը, դա չի նշանակում, որ պիտի վտանգի սեփական զինվորական կենսագրությունը: Իսկ Օնիկ Գասպարյանն անցել է առաջին պատերազմով, լուրջ ներդրում ունի բանակում, Տավուշում հայկական կողմի գերակա դիրքային պատկերում, գրագետ, չթալանած սպայի համբավ է ունեցել:
Իսկ արդեն 44-օրյա պատերազմի համատեքստում պետք է նշենք, որ դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 25-ից նա մնացել է ԳՇ-ում, 44-օրյա պատերազմի ժամանակ կորոնավիրուսով վարակվելու դեպքում, երբ վիճակը բավականին ծանր է եղել, մեր տեղեկություններով, հիվանդանոցային պայմաններում չի անցկացրել:
Գեներալ Գասպարյանի դրական դրսևորումների մասին գրել ենք նաև պատերազմից հետո այս 6 տարիների ընթացքում՝ մտածելով, որ, թերևս, կան բաներ, որոնց մասին չգիտենք, որ այս իշխանությունը չէ, որ պետք է իրեն պատասխանատվության կանչի, որ ոչ իշխանական դասալիքները չպետք է, որ իրեն փորձեն վարկաբեկել, բայց, տեսնելով իր շրջապատի վարքագիծը, ոչ կոռեկտ պահվածքը, որը, անշուշտ, իր գիտությամբ է, ուզում ենք կարճ ասել Սերժ Սարգսյանի խոսքերով՝ Օնիկ Գասպարյան, «մի՛ արատավորիր քո գեներալի պագոնները»:










