Հայաստանը 10 տարի չի կարողանալու շուկա բացել Եվրոպայի հետ. Գագիկ Ծառուկյան


Հայաստանը 10 տարի չի կարողանալու շուկա բացել Եվրոպայի հետ. Գագիկ Ծառուկյան
Հունիս 3 11:41 2026

«Եթե մարդ գործարանը գնել է որոշումով ու 25 տարի անցել է, ներդրում է արել, հարկ է վճարել, մարդկանց համար աշխատատեղեր է ապահովել այդ ընթացքում, սակայն երբ տեսնում են, որ այդ մարդը իշխանությանը հակառակն է խոսում, ճիշտ է խոսում, ժողովուրդն ընդունում է, հավատում ու վստահում, անցնոմ են բռնելուն, խլելուն։ Ես ասել եմ՝ իմ հայրենիքը ունեցվածքի հետ չեմ փոխի»,- նախընտրական քարոզարշավի շրջանակում  քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ 

Նա անընդունելի է  համարել Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելը. «Քո  բարեկամ երկրների հետ ինչո՞ւ ես հարաբերություններդ փչացնում։ Այդքան մարդ է Ռուսատսանում աշխատում, գումաներ է ուղարկում։ 10 տարի չեն կարողանալու շուկա բացել Եվրոպայի հետ։ Քանի՞ տարի է Թուրքիան չի կարողանում բացել։ Այս ժողովուրդը սնանկանալու է»։

Գագիկ Ծառուկյանը վստահ է, որ ՌԴ հետ հարաբերությունները կարելի է կարգավորել շատ կարճ ժամանակում։

ԲՀԿ առաջնորդն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է վերջին մարզային հանդիպումների մասին պատմող ռեպորտաժ ու գրել. «Քարոզարշավի մարզային վերջին հանդիպումները Արարատի մարզի Մասիս, Արտաշատ և Արարատ համայնքներում էին։ Այս ընթացքում հնարավորություն ունեցա հանդիպելու և անմիջականորեն շփվելու հազարավոր մեր հայրենակիցների հետ, այցելեցի Հայաստանի տարբեր համայնքներ՝ մեծ ու փոքր, մոտ ու հեռավոր, սահմանամերձ ու կենտրոնական։ Մարդկանց ջերմ վերաբերմունքն ու աջակցությունն ինձ համար ամենամեծ գնահատականն է։ Դա տարիների ընթացքում ձևավորված վստահության արդյունքն է, որը ոչ միայն պարտավորեցնում է, այլև ուժ է տալիս շարունակելու սկսած գործը։

Իմ նպատակը միշտ նույնն է եղել՝ բարգավաճ Հայաստան և արժանապատիվ կյանք մեր բոլորի համար։ Վստահ եմ, որ միայն ներքին համերաշխությամբ, փոխադարձ հարգանքով և միասնականությամբ կարող ենք հաղթահարել դժվարությունները և կառուցել մեր երազած Հայաստանը»։