Դա իրենց թույլ տալով կամ չտալով չէ, սա մեր Սահմանադրությամբ է. ի պատասխան հարցի, թե տարածված խոսակցություններ կան, որ իշխող ուժը չի գրանցի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որպեսզի ընտրություններին թույլ չտա մասնակցել՝ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Նման դեպքում ընդհանրապես թող ժողովրդավարությունը չեղյալ հայտարարեն և իրենք հավաքվեն, փոքրիկ խմբակով որոշեն, կամ նույն մարդը քանի անգամ է լինելու երկրի վարչապետ։ Եթե ժողովրդավարությունն իրենց համար ինչ-որ բազային բան նշանակում է, նրանք չեն գնա այդ քայլին, որովհետև ՀՀ պատմության մեջ չի եղել մի ժամանակաշրջան, երբ հիմնական ընդդիմադիր ուժին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին»,- ասաց Կարապետյանը։
Ըստ նրա՝ նման քայլի դեպքում ՀՀ-ի համար կփակվեն բազմաթիվ ճանապարհներ. «ՀՀ-ն կհայտնվի նույն շրջափուլի մեջ, կմնա 2021-ի շրջափուլի մեջ։ Մեր երկրին նոր առաջնորդներ են պետք, որ այս վիճակից դուրս գանք։ Մենք առաջարկում ենք ծրագրեր՝ երկրի փոփոխության համար, մենք չենք առաջարկում մարդկանց դեմքերի փոփոխություն։ Եթե իրենք այս փոփոխություններն արած լինեին, մեր կարիքը չէր լինի։ Հիմա փոփոխության պահանջ կա, նոր հասարակությունը նոր առաջնորդության պահանջ ունի, և ժողովուրդը կորոշի։ Թող 100 000 մարդկանց փոխարեն իրենք չորոշեն»,- ասաց նա։










