«Երեկ իր հերթական ջղաձգումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը սպառնալիք է Հայաստանի համար, և իրենց հանձնառությունն է այնպես անել, որ Դաշնակցությունը չլինի։ Պրոթուրքական այս ուժի նման դիրքորոշումը մեզ համար հասկանալի է, այլ բան չէր էլ կարող լինել, բայց ամեն դեպքում ևս մեկ անգամ հիշեցնեմ․ Նիկո՛լ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքը դո՛ւ ես, անձամբ դո՛ւ և քո վարչախումբը, ով Ալիևի հետ համատեղ հայաթափեց Արցախը, այնուհետև Հայաստանի Հանրապետությունից շուրջ 240 կմ տարածք՝ ռազմավարական նշանակություն ունեցող դիրքերով հանձնեց Ադրբեջանին»,-ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության։
Սաղաթելյանն ընդգծել է՝ Փաշինյանն ու իր թիմը զօր ու գիշեր պայքարում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ազգային արժեքների և հայկական ինքնության դեմ.
«Դուք շարունակում եք մնալ հայկական իրականության մեջ գլխավոր սպառնալիքներից մեկը, քանի որ փորձում եք ևս մեկ անգամ խաբել մեր ժողովրդին, վերարտադրվել և Ադրբեջանի, Թուրքիայի պահանջով փոխել ՀՀ Սահմանադրությունը՝ հրաժարվելով Անկախության հռչակագրից և ուրանալով Հայոց ցեղասպանությունը։ Դուք շարունակում եք մնալ հիմնական սպառնալիքը, որովհետև պատրաստվում եք Հայաստանում ձևավորել ադրբեջանական համայնք և անկլավների անվան տակ Հայաստանից իրականացնել նոր զիջումներ։ Մեր բոլորիս խնդիրն է առաջիկայում չեզոքացնել և կանխել այդ սպառնալիքի վերարտադրությունը։
Իսկ ինչ վերաբերում է Դաշնակցության լինել-չլինելուն, ընդամենը հիշեցնեմ, որ ձեզանից առաջ այլ սուլթաններ և բոլշևիկներ ևս փորձել են այդպես անել։ Հիմա նրանք և այդ համակարգերը չկան, իսկ Դաշնակցությունը կա և լինելու է՝ շարունակելով պաշտպանել իր հայրենիքը, պետությունը և ժողովրդին բոլոր սպառնալիքներից՝ ի հեճուկս ձեզ և ձեր տերերի»։










