ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․
«The Washington Times ամերիկյան հայտնի պարբերականում հրապարակվել է իմ հոդվածը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիայի խնդրին:
Ներկայացնում եմ հոդվածի ամենակարևոր թեզերը․
Ադրբեջանը 2021 թվականից օկուպացրել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերից ավելի քան 200 քառ․ կմ տարածք։
Օկուպացիայի հետևանքով սահմանային բնակչությունը մշտական անհանգստության մեջ է, զրկված է ապրուստ վաստակելու միջոցներից։ Երեխաները դպրոց են հաճախում ադրբեջանական զինված ուժերի թիրախի տակ։ Տները, ճանապարհները և Հայաստանի ռազմավարական անվտանգության ենթակառուցվածքները նույնպես գտնվում են թիրախի ներքո։
Բազմաթիվ բանակցություններից հետո Հայաստանի տարածքի որևէ սանտիմետր չի վերադարձվել, օկուպացիոն որևէ ստորաբաժանում դուրս չի բերվել։ Զինված ուժով ստեղծված ռազմական իրողությունը պահպանվել է, մինչդեռ դիվանագիտությունը շարունակվում է այնպես, կարծես այդ փաստը երկրորդական է։
Սա ուղերձ է թե՛ Ադրբեջանի ղեկավարությանը, թե՛ վատ դերակատարներին ամենուր, որ հարկադրանքով ձեռք բերված տարածքային նվաճումները կարելի է պահել անժամկետ, պայմանով, որ բանակցությունները շարունակվեն։ Ժամանակի ընթացքում ոչ սովորականը կդառնա սովորական, իսկ սովորականն՝ ընդունելի։
ԱՄՆ-ում օգոստոսի 8-ի հանդիպումից հետո նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ «հիվանդ» բնորոշեց «հայ հասարակությանը»։ Ադրբեջանը շարունակում է առաջ տանել պետական հովանավորությամբ նարատիվ, ըստ որի՝ ամբողջ Հայաստանը «հին ադրբեջանական հող» է։
Այսպիսի բառապաշարն անհամատեղելի է հաշտության հետ։ Սա ոչ թե համակեցության, այլ հիերարխիայի, ոչ թե փոխզիջման, այլ ճնշման և ռասիզմի լեզու է։ Երբ այն զուգակցվում է Հայաստանի սահմաններից ներս շարունակվող ռազմական ներկայության հետ, առաջանում է հարց, որից դիվանագիտությունը չի կարող խուսափել, սա կասկածի տակ է դնում խաղաղությունը։
Դիվանագիտական վերջին ջանքերը, այդ թվում՝ օգոստոսին արձանագրված Թրամփի ուղուն վերաբերող համաձայնությունները հետաձգել, գուցե նույնիսկ տապալել են Սյունիքը զավթելու Բաքվի ծրագրերը։ Բայց այդ մեխանիզմը կհաջողի, եթե օկուպացիան դիտարկվի խոչընդոտ։ Տրանսպորտային միջանցքների, տարածաշրջանային ինտեգրման կամ վստահության ամրապնդման մասին համաձայնությունները չեն կարող գոյություն ունենալ, եթե զուգահեռ շարունակվում է տարածքի բռնազավթումը։
Միջազգայնորեն ճանաչված սահմանից դուրս ուժի կիրառմամբ տարածք զավթելն անօրինական է։ Սահմանանշման շուրջ բանակցությունները չեն կարող հետադարձ ուժով օրինականացնել այդ գործողությունները կամ չեն կարող փոխարինել զորքերի դուրսբերմանը։
Խաղաղ գործընթացը, որը հանդուրժում է օկուպացիան և միաժամանակ քննարկում նորմալացումը, հայկական կողմին պարտադրում է բանակցել ճնշման ներքո, իսկ ադրբեջանական կողմին՝ սպասել պատասխանատվությունից խույս տալու հույսով։
Ամերիկացի և եվրոպացի միջնորդները պետք է բացահայտ հայտարարեն այն, ինչի մասին բոլորը գիտեն․ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են օկուպացրած պահել Հայաստանի ինքնիշխան տարածքը, և դա անհամատեղելի է որևէ արժանահավատ խաղաղ համաձայնագրի հետ։
Մինչև զորքերի դուրսբերումը չսկսվի, բանակցությունները չպետք է լինեն ինքնանպատակ։ Գործընթացը պետք է կապվի պարտավորությունների կատարման հետ, այլապես այն կդառնա պաշտպանիչ վահան, որի հետևում ստատուս քվոն միայն ամրապնդվում է։
Սա չի բացառում խաղաղությունը: Հակառակը՝ դա միակ ճանապարհն է, որ տանում է դեպի հարատև խաղաղություն: Հարկադրանքի վրա կառուցված և լուծում չստացած կարգավորումը կայունություն չէ․ դա պարզապես հետաձգում է։ Վաղ թե ուշ խախտված հավասարակշռությունը նորից գլուխ է բարձրացնում։
Հարատև խաղաղությունը կհաստատվի միայն այն դեպքում, երբ բանակցությունները հիմնվեն պարզ սկզբունքի վրա․ սահմանները չեն կարող փոխվել ուժով, և օկուպացիան չի կարող նվեր տրվել ժամանակի ընթացքում։
ԱՄՆ-ն ունի կարևոր լծակներ այս գործընթացում, սակայն չօգտագործվող լծակները արագորեն քայքայվում են։ ԱՄՆ-ի հեղինակությունը կամրապնդվի միայն այն դեպքում, երբ սկզբունքները հետևողականորեն կիրառվեն»։










