Պատրաստ եմ իմ ողջ փորձը, ուժը և կազմակերպական կարողությունները ներդնել հանուն վաղվա Հայաստանի․ Մամիկոն Ասլանյան


Պատրաստ եմ իմ ողջ փորձը, ուժը և կազմակերպական կարողությունները ներդնել հանուն վաղվա Հայաստանի․ Մամիկոն Ասլանյան
Մարտ 17 22:04 2026

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տեսանյութ է հրապարակել՝ կից հայտարարել, որ միանում է Սամվել Կարապետյանի թիմին։

«Այսօր ես կանգնած եմ մի որոշման առաջ, որը պայմանավորված չէ պահի ազդեցությամբ։ Սա երկար ճանապարհի շարունակությունն է։ Ես անցել եմ երկարատև ճնշումների միջով, ինձ փորձել են կոտրել, լռեցնել, դուրս մղել, բայց ես չեմ հանձնվել, որովհետև իմ պայքարը երբեք անձնական չի եղել։ Իմ պայքարը՝ հանուն արդարության, հանուն իմ մեծ ու փոքր հայրենիքի է։ Վերջին 10 տարիներին ես երկու անգամ ստացել եմ ժողովրդի վստահությունը՝ հաղթելով ընտրություններում։ Ես գիտեմ՝ Վանաձորի, Լոռու զարկերակը, զգացել եմ մարդկանց սպասումները, ցավը և հույսը։

Այսօր ես տեսնում եմ այդ մեծ հույսը Սամվել Կարապետյանի անձի և նրա ծրագրերի մեջ։ Այն տարածաշրջանում, որտեղ ես եմ ապրել, բոլորը գիտեն, տեսել են Կարապետյանների կատարած գործերը։ Եվ հիմա էլ այս ծրագրերում կա վանաձորցու, լոռեցու և հայաստանցու ապագան և կարևոր մի բան՝ ես այս ճանապարհին միացել եմ շատ ավելի վաղ, երբ դեռ չկար քաղաքական հաշվարկ, չկար ձևավորված թիմ, տեսել եմ այս գործընթացը ներսից։ Սամվել Կարապետյանը հուսալի մարդ է, համախմբող առաջնորդը, թանձր հայկականությամբ, հավատով և հայրենասիրությամբ օժտված մարդ, ում ես վստահում եմ։ Այս որոշումը նաև ժողովրդի հետ շփումների արդյունք է։ Ես ստացել եմ հստակ ազդակներ միասին առաջ գնալու և այսօր հստակ ասում եմ՝ պատրաստ եմ իմ ողջ փորձը, ուժը և կազմակերպական կարողությունները ներդնել հանուն վաղվա Հայաստանի»,- ասել է նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։