«Խփելու էին իրար, բռնություն կիրառեին․ թույլ չտվեցինք, որ մեկի մատից արյուն գա»․ Տեր Փառեն


«Խփելու էին իրար, բռնություն կիրառեին․ թույլ չտվեցինք, որ մեկի մատից արյուն գա»․ Տեր Փառեն
Հունվար 7 18:49 2026

Երեկ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի գլխավորությամբ խոչընդոտվեց Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի՝ տեր Հայկ քահանա Սահակյանի և մյուս հոգևորականների մուտքը եկեղեցի՝ Սուրբ Ծննդյան պատարագ անցկացնելու համար։

Սափեյանի համար պատարագը պետք է անցկացներ կարգալույծ քահանա Արամայիս Թախմազյանը (նախկինում Տեր Թադե):

24News-ը զրուցել է Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանի հետ։ Վերջինս, ներկայացնելով երեկ տեղի ունեցած իրավիճակը, նշեց, որ իրենք եկեղեցու բակում են եղել առավոտյան մոտ 8-ին։

«Ոստիկաններն ու ահագին այլ քաղաքացիներ էին հավաքված։ Եկեղեցու կարգի համաձայն՝ տաղավար տոնին պատարագ պիտի մատուցի եկեղեցու հոգևոր հովիվը, ով այս դեպքում տեր Հայկ քահանան է, ոչ թե կարգալույծ եղածը։ Փաստորեն, մենք երբ գնացինք այնտեղ, կարգալույծ քահանա Արամայիս Թախմազյանն արդեն ներսում էր։ Չգիտեմ՝ որ ժամին էին եկել, չեմ կարող ասել, միգուցե լուսադեմին՝ 5-ին, 6-ին։ Հետո պարզվեց՝ նույնիսկ ծառայողներ էլ կային, հիմնականում նույն խումբն էր՝ կարգալույծ եղած սարկավագներ և այլն»,- ասաց քահանան։

Տեր Փառենը նշեց, որ իրենք օրենքի ուժով, փաստաբանների միջոցով նախապես դիմել էին ոստիկանությանը, որ գան և կարգ պահպանեն․

«Ոչ միայն այդ օրվա համար, այլ ամսի 4-ի, 5-ի և Սուրբ Ծննդյան օրվա։ Մեր մուտքը եկեղեցի խոչընդոտեցին, նույնիսկ բարձրաձայն ասացին, որ մեզ չեն թողնելու։ Վերջում նույնիսկ չթողեցին, որպեսզի տեր Հայկը մտնի ներս, խորանի առջև աղոթք անի և դուրս գա, որպեսզի գնա Մաստարայում պատարագ անի։ Կարող էինք երկար այդտեղ կանգնել, բայց անպտուղ էր լինելու․ դրա հետևանքը լինելու էր այն, որ բռնություն էր լինելու, խփելու էին իրար, միգուցե ձերբակալություններ էլ լինեին, որովհետև արդեն մթնոլորտը թեժանում էր, և մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեկի քթից կամ մատից արյուն գա։ Մենք բացատրեցինք, հիմնավորեցինք, թե ինչու պիտի տեր Հայկը պատարագ մատուցի, բայց տեսաք իրենց պահվածքը։ Մենք ժողովրդին հայտարարեցինք, որ եթե ուզում եք կանոնական պատարագի մասնակցել, եկեք Մաստարա, և ժողովուրդը եկավ այնտեղ»։

Սաղմոսավանքի հոգևոր հովիվը, անդրադառնալով կարգալույծ եղած քահանային օրվա իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցությանը, մասնավորապես այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ 24News-ի հետ զրույցին, որտեղ Արամայիս Թախմազյանին որակել էր «բացառիկ հոգևորական», ասաց․

«Բա մինչև հիմա ինչո՞ւ չէին ճանաչում։ Մենք հոգևորականների մեջ երբեք տարբերություն չենք դրել, ես միշտ եմ դա ասել․ չկա նման բան․ այս մեկը բացառիկ է, մյուսը՝ թերի։ Բոլոր հոգևորականները նույն առաքելության մեջ են, և արդեն իսկ դա սխալ է, որ առանձնացնում են մեկին՝ ասելով, թե սա բացառիկ հոգևորական է։ Դա նշանակում է, որ, կներեք արտահայտությանս համար, «երկրորդ սորտի» հոգևորական է։

Մենք Վեհափառ Հայրապետի օրհնության ներքո ենք, նրա կողքին ենք, ու միայն մենք չենք դա ասում։ Անձամբ ինձ ժողովուրդից գալիս մոտենում են, ասում․ «Տեր հայր, խնդրում ենք՝ Վեհափառ Հայրապետին ասեք, հանկարծ չմտածի դուրս գալու մասին»»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին՝ մասնավորապես՝ ներում խնդրելուն Հիսուսից, որ մենակ է թողել իրեն, և եկեղեցի-պետություն այլևս անբաժան լինելու մասին, տեր Փառենը նշեց, որ Քրիստոսի հետ հարաբերությունը որևէ մեկը՝ անկախ պաշտոնից, չպիտի կենցաղ իջեցնի․

«Մենք Քրիստոսի մասին խոսելիս միշտ խոնարհությամբ ենք խոսում։ Նույնիսկ, եթե նկատել եք, «ը» հոդը չենք օգտագործում, ասում ենք՝ Հիսուս Քրիստոս, որովհետև նա բացառիկ է։ Ինքը պիտի ասի, թե ինչո՞ւ է մենակ թողել․ դա ավանդական, ուղղափառ մտածելակերպ չէ։ Իմ կարծիքով, դա զգացմունքային ինչ-որ բան է, որպեսզի հավաքված ժողովրդի զգացմունքները շոյվեն։

Մնացած հայտարարությունների մասով․ կանոնական հողի վրա եկեղեցին անջատ է պետությունից, որովհետև առաջին հերթին եկեղեցին Աստվածահիմն կառույց է, և եկեղեցին, ինչպես մեր հավատամքն է ասում, երկինք է՝ երկրի վրա։ Դրա կողքին միշտ ու միշտ եկեղեցին աշխատել ու ծառայել է, որպեսզի պետությունը հզորանա։ Եվ հետո, Հայ Առաքելական եկեղեցին միայն Հայաստանի Հանրապետության մեջ չէ, որ գործում է․ ամբողջ աշխարհում է ներկա, դրա համար է նաև Սահմանադրությամբ անջատ։ Եկեղեցին ունի կանոնադրություն, այդ կանոնադրությունը հաստատված է պետության կողմից, եթե չեմ սխալվում՝ 2011 թվականին։ Այսինքն՝ եկեղեցին գործում է իր կանոնների շրջանակում, եկեղեցին խնդիր չի դրել պետության դեմ դուրս գալու, ինչպիսի թյուր կարծիք, որ տարածում են»։