Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատումը կամ էսկալացիան ակտուալ չէ․ Ալիևի օգնական


Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատումը կամ էսկալացիան ակտուալ չէ․ Ալիևի օգնական
Հուլիս 26 14:59 2025

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատումը կամ էսկալացիան ակտուալ չէ։ Այս մասին գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

 

Նրա խոսքով՝ ներկայումս շարունակվում են երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման աշխատանքները:

 

«Երբեմն խաղաղության համաձայնագրերը ստորագրվում են միայն ձևականորեն՝ իրական խաղաղություն չբերելով։ Հարավային Կովկասի դեպքում իրավիճակն այլ է. այստեղ իրական խաղաղություն կա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատումը կամ էսկալացիան օրակարգում չէ։ Մնացել են միայն առանձին վիճելի կետեր, ինչը միանգամայն բնական է։ Հենց դրա համար էլ գոյություն ունի դիվանագիտությունն ու երկխոսությունը»,-ասել է Հաջիևը։

 

Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է ։

 

«Սա շատ դրական պահ է։ Այո, մնում են որոշ չլուծված կետեր։ Օրինակ, Հայաստանի Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»։ Սահմանադրությունը յուրաքանչյուր երկրի ներքին հարցն է, եթե այն չի շոշափում մեկ այլ պետության անվանումը կամ տարածքը: Մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ։ Մենք հույս ունենք, որ հայերը փոփոխություններ կկատարեն Սահմանադրության մեջ եւ պաշտոնապես կհրաժարվեն «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»»,-հավելել է Հաջիեւը»։

 

«Մենք հավատում ենք, որ այս հարցի կարգավորումից հետո խաղաղության ճանապարհին լուրջ խոչընդոտներ չեն մնա»-ասել Է Ադրբեջանի նախագահի օգնականը: