Կառավարության նիստերի, լրագրողների հետ ճեպազրույցներում տնտեսական բլոկի պատասխանատուները՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նրա տեղակալները պարբերաբար հայտնում են, որ Հայաստանից արտահանվում են հազարավոր տոննաներով պտուղ և բանջարեղեն, խոսում են նոր շուկաներ «գրավելու» մասին։ Այս թվերը, սակայն, ոչինչ չեն ասում, քանի դեռ չեն համեմատվել նախորդ տարվա արտահանումների հետ։ Այս մասին գրել է Հետքը։ժ
«Թե առաջիկայում ինչ կհաջողվի անել կառավարությանն ու ռուսական սահմանափակումների հետևանքով փակուղում հայտնված արտահանողներին, դեռևս պարզ չէ։ Մինչ այդ արտահանումն ու գյուղատնտեսությունը անկում են ապրում։ Ընդ որում՝ գյուղատնտեսության անկումը միայն սահմանափակումների վրա «բարդելը» սխալ կլինի։
Օգոստոսի 27-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է տնտեսական «լավ» ցուցանիշների, տարվա առաջին կիսամյակում գրանցված 6% տնտեսական աճի մասին։ «Լավ» թվերի կողքին, սակայն, նույնքան լավ չի քննարկվում գյուղատնտեսության երկնիշ անկումը երկրորդ եռամսյակում։
15.7% անկում՝ հուլիսին. արտահանման անկումը շարունակվում է
Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ այս տարվա առաջին յոթ ամիսներին (2026 թ. հունվար-հուլիս) Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 11.5 մլրդ ԱՄՆ դոլար, որից 4 մլրդ դոլարը արտահանումն է, իսկ մնացած 7.5 մլրդ դոլարը՝ ներմուծումը։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արտահանումը կրճատվել է 7.9%-ով, իսկ ներմուծումն աճել է 7.7%-ով։
Հայկական ծագման ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումները «լիարժեք փուլ» մտան մայիսից, բայց արտահանումը մինչ այդ էլ նվազում էր։
2025 թվականին Հայաստանից արտահանումը նվազել է 36.7%-ով՝ պայմանավորված հիմնականում ոսկու, ինչպես նաև այլ վերաարտահանվող ապրանքների հոսքերի խիստ կրճատմամբ կամ առհասարակ դադարեցմամբ։
Կրճատումը շարունակվել է նաև այս տարվա առաջին ամիսներին (բացառությամբ փետրվարի)։ Մայիսից արդեն այս գործոններին գումարվել են ռուսական սահմանափակումները։ Ըստ էության՝ այդ սահմանափակումներն ավելի մեծ ազդեցություն են ունեցել, քանի որ եթե դրանք չլինեին, ամենայն հավանականությամբ, նախորդ տարվա արդեն նվազած ցուցանիշների հետ համեմատ այս տարվա երկրորդ եռամսյակից անկումը ավելի փոքր լիներ։
Վերջին տվյալներով՝ այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանից արտահանումը կրճատվել է 15.7%-ով»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։










