ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը։ Այս մասին Panorama.am-ին ասացին գլխավոր դատախազությունից։
«Բողոքը վարույթ է ընդունվել»,- նշեցին դատախազությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։
Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը:
2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Սպանվածի հարազատները խիստ դեմ էին Մհեր Ենոքյանի ազատ արձակմանը։
Գործի տեղեկանք
Բժշկական համալսարանի 20-ամյա ուսանող Մհեր Ենոքյանը 1996 թվականին դատապարտվել էր մահապատժի (2003 թ-ի ՀՀ նախագահի ներման հրամանագրով պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ)` մեղադրվելով համակուրսեցուն սպանելու համար: Ըստ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996թ. Նոյեմբերի 29-ի դատավճռի նկարագրական մասի`«1996թ. հուլիսի 12-ին, Երևան քաղաքի բնակիչ Մհեր Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Արամ Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20'000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Իոսիֆ Աղաջանովին տարել է Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ էլ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին:
Նա բացովի բանալիով (разводной ключ) հարվածներ է հասցրել Իոսիֆ Աղաջանովի գլխին, որից հետո նաև դանակով հարվածել նրա կրծքավանդակի աջ շրջանին, աջ աչքի ենթակողային շրջանին, կրծքավանդակի աջ կեսի ենթաերակային շրջանին: Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Իոսիֆ Աղաջանովի ոտքերը, իսկ, երբ վերջինս ուշաթափ ընկել է, Մհեր Ենոքյանի պահանջով նա դանակով կտրել է Իոսիֆ Աղաջանովի պարանոցը (շնչափողը, կերակրափողը, գանգուղեղը սնուցող մայր զարկերակային անոթը և այդտեղ տեղակայված նյարդերը): Ստացված վնասվածքներից Իոսիֆ Աղաջանովը մահացել է: Դիակը դրել են նախապես ձեռք բերված բրեզենտե պայուսակի մէջ, դուրս տարել և թաքցրել հողածածկ ճանապարհի եզրով կառուցված բետոնապատ հենապատի հետևի մասում և ծածկել քարերով»:
Մհեր Ենոքյանը իրեն մեղավոր չի ճանաչել և պնդում է, թե մարդասպան չէ: Դատարանում տվել է միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Արամ Հարությունյանն ընդունել է մեղքը` ասելով, որ կատարել է սպանություն և դատապարտվել նույն հոդվածով, սակայն 15 տարվա ազատազրկման: