Հայաստանի՝ ԵՄ-ին ձգտելը երկրի և ժողովրդի բնական, օրինական իրավունքն է, Հայաստանն ինքնիշխան պետություն է, և հայ ժողովուրդն է որոշելու իր զարգացման ուղղությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Սակայն դա, անշուշտ, դժվարություններ է ստեղծում Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու հարցում և սպառնում է զրոյացնել Հանրապետության առավելությունները Եվրասիական տնտեսական միության շուկայում և խզել ձևավորված առևտրային շղթաները։ Մինչդեռ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին ավելի քան 10 տարի մասնակցելու ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն գրեթե եռապատկվել է. 2015 թվականին այն կազմել է 10,6 միլիարդ դոլար, իսկ 2025 թվականի արդյունքներով՝ 29,2 միլիարդ դոլար (ամեն դեպքում՝ ըստ մեր վիճակագրության)։ Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանումն աճել է 10 անգամ. այսօր միության շուկային բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության շուրջ 36%», - ասել է Պուտինը։
Նրա խոսքով, հետևաբար, իհարկե, երկրի հետագա քաղաքական-տնտեսական կուրսի ընտրության վերաբերյալ պետք է հստակ արտահայտվի Հայաստանի ժողովուրդը, սակայն միևնույն ժամանակ, ինչպես մենք և ասում էինք, կարևոր է բացառապես օբյեկտիվորեն՝ իրողությունների հիման վրա մոտենալ նաև համապատասխան քայլերի ընդունմանը։
«Եվս մեկ անգամ կրկնում եմ, մենք հարգանքով կվերաբերվենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության։ Ինչպես կորոշի Հայաստանը, այդպես էլ կլինի։ Բայց մենք պետք է մեր առևտրատնտեսական քաղաքականությունը համապատասխանեցնենք այդ հնարավոր որոշումներին, և կցանկանայինք խնդրել Ձեզ հնարավորինս արագ այս հարցում հստակություն մտցնել։ Ես հիշում եմ, Դուք հրապարակայնորեն ասում էիք, որ անհրաժեշտ եք համարում հետագայում այդ հարցով հանրաքվե անցկացնել, և ես աջակցեցի Ձեր դիրքորոշմանը Եվրասիական տնտեսական միության ղեկավարների վերջին գագաթնաժողովում, ուղղակիորեն հիշատակեցի, որ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել է այդ մասին և խնդրեցի նաև գործընկերներին աջակցել դրան։ Եվ որքան արագ մենք հստակություն մտցնենք, այնքան լավ, որովհետև մեզ նույնպես անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես զարգացնենք հարաբերությունները Հայաստանի հետ, առաջին հերթին՝ տնտեսական առումով», - ընդգծել է ՌԴ նախագահը։
Նա նշել է. «Կարգավորումներին վերաբերող հարցեր, ասենք՝ գյուղատնտեսական արտադրանքի հետ կապված, տարբեր տեխնիկական նորմերի և ստանդարտների կարգավորման հարցերը, Եվրասիական տնտեսական միությունում և ԵՄ-ում բացարձակապես չեն համընկնում։ Մենք բազմիցս առնչվել ենք դրան, փորձերը՝ դեռ այն ժամանակ, երբ մեր հարաբերությունները քիչ թե շատ նորմալ էին, եվրոպացիների հետ ինչ-որ փոխզիջումների շուրջ պայմանավորվելու, ոչ մի արդյունքի չհանգեցրին, ոչ մի արդյունքի։ Նրանք բավական կոշտ բանակցողներ են, բավական համառ։ Եվ այդպես էլ մենք չգտանք գրեթե որևէ հարց լուծելու հնարավորություն։
Ինչ-որ պահի, հավանաբար, այնուամենայնիվ ստիպված կլինենք նաև դա անել՝ նկատի ունենալով և՛ մեր տնտեսության, և՛ եվրոպական տնտեսության հիմնարար շահերը, որոշ առումներով՝ փոխլրացվող լինելը։ Հուսով եմ՝ այս բոլոր ճգնաժամային երևույթները մի օր կանցնեն։ Բայց նույնիսկ, երբ դրանք անցնեն... Ահա, Եվրոպայի հետ լավ հարաբերություններ կային՝ պայմանավորվելը շատ դժվար էր։ Եվ այս կապակցությամբ, միանգամայն անկասկած, խնդիրներ կառաջանան՝ կապված եվրոպական ապրանքների, ծառայությունների և այլնի՝ Հայաստանի միջոցով մեր շուկա ներթափանցման հետ։ Այնտեղ հազարավոր հարցեր կան։ Մենք կցանկանայինք հասկանալ, թե այս ոլորտում ինչ է տեղի ունենալու»։










