«Զարթոնք» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի դեմ հաղորդում է ներկայացրել


«Զարթոնք» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի դեմ հաղորդում է ներկայացրել
Հուլիս 22 22:28 2025

Այսօր ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է հանցագործության մասին երկու առանձին հաղորդում «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության կողմից, հայտնում է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։

 

«1. Առաջին հաղորդմամբ գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքների վրա, ըստ որոնց Ն.Փաշինյանն իր ֆեյսբուքյան անձնական օգտահաշվում բացահայտ կերպով հրահանգավորումներ է իրականացրել ինչպես իրավապահ համակարգի մարմիններին, այնպես էլ դատական իշխանությանը՝ իրականացնելու ձերբակալումներ, հարուցելու հանրային քրեական հետապնդումներ, ինչպես նաև կալանավորելու բարձրաստիճան հոգևորականներին` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև գործարար Ս.Կարապետյանին:

 

Կուսակցությունը գտել է, որ`

 

– Ն.Փաշինյանն իր գործողություններով խախտել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքը, օրինականության սկզբունքը, միջամտել արդարադատության իրականացմանը, հրապարակայնորեն խախտել անձանց անմեղության կանխավարկածը:

 

– Իսկ ԱԺ-ն, ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ի հակառակ գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իր սահմանադրական գործառույթի, որդեգրել է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու Ն.Փաշինյանի քաղաքականությունը, ինչի արդյունքում ստորագրել և հրապարակել է այնպիսի հայտարարություն, որն ուղղակի ազդեցություն կարող է ունենալ դատաքննչական մարմինների կողմից կայացվելիք որոշումների վրա, արդեն իսկ հաստատելով հանցագործության փաստը, ինչպես նաև այն անձանց մեղավորությունը, որոնց նկատմամբ դեռևս ընթանում է նախաքննություն:

 

– Այսինքն, պետությունը, ի դեմս ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ-ն ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, բացահայտ կերպով, հրապարակայնորեն արտահայտելով իր կանխակալ վերաբերմունքը ընթացող քրեական վարույթների նկատմամբ, հրապարակայնորեն կատարելով պնդումներ, որոնք վերաբերում են դեռևս ապացուցման ենթակա հանգամանքներին, ուղղորդում և ուղղակի ազդեցություն են գործադրում անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և նրանց կալանավորելու վրա:

 

Ամփոփելով վերը նշվածը հարկ է նշել, որ այս իշխանության ներկայացուցիչների կողմից, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սահմանադրական կարգը տապալվել է, այդ թվում՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանումն և հավասարակշռումը երաշխավորող Սահմանադրության նորմի գործողությունը փաստացի դադարեցված է:

 

Վերոհիշյալ գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) և 420-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) հոդվածներով արգելված արարքներին:

 

2․ Երկրորդ հաղորդմամբ գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքների վրա, ըստ որոնց վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործում է ի հակասումն հետևյալ նորմերի պահանջների, այն է՝

– ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

 

– «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:

 

– «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը` … չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ ճնշում է գործադրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ միջամտելով Եկեղեցու ինքնակառավարմանը՝ ներքին գործերին:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխելու գործընթացն ուղիղ միջամտություն է Եկեղեցու ինքնակառավարմանը:

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության 18-րդ կետի համաձայն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընտրվում է ցկեանս Հայ Առաքելական Եկեղեցու Ազգային-Եկեղեցական ժողովի կողմից Ս․ Էջմիածնի Մայր Տաճարում, համաձայն համապատասխան կանոնադրության:

 

Վերոհիշյալ կանոններից հետևում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրված է ամբողջ կյանքի ընթացքում՝ Ազգային-Եկեղեցական ժողովի կողմից:

 

Հետևաբար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործելով Կաթողիկոսի այս իրավունքի դեմ վնաս է պատճառում ինչպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այնպես էլ Եկեղեցու շահերին՝ խոչընդոտելով Եկեղեցու գործունեությունը:

 

Արդեն մի քանի անգամ է Եկեղեցին փոխում է իր ծրագրերը (այդ թվում՝ ժողովները, հանդիպումները) պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերոհիշյալ վարքագծով:

 

Կուսակցությունը գտել է, որ վերոհիշյալ գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ (Խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը խոչընդոտելը) և 441-րդ (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) հոդվածներով արգելված արարքներին»: