Ցանկանում են վերցնել այն վերջին կետը, որն ունենք ՀՀ-ում. Արցախի ներկայացուցչության շենքի խլումը ապօրինի է. Արցախի ԱԺ նախագահ


Ցանկանում են վերցնել այն վերջին կետը, որն ունենք ՀՀ-ում. Արցախի ներկայացուցչության շենքի խլումը ապօրինի է. Արցախի ԱԺ նախագահ
Հուլիս 21 15:00 2025

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Երևանի Բուզանդի փողոցում գործող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, որ այդ շենքը միակ հենակետն է, որը կապում է արցախցիներին միմյանց հետ Հայաստանի Հանրապետությունում։

 

«Գնահատականը միանշանակ է. ցանկանում են վերցնել այն վերջին կետը, որը մենք այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Այդ շենքը խորհրդանշական նշանակություն ունի Արցախի քաղաքացիների համար։ Երբ տարբեր գերատեսչություններում լուծումներ չեն գտնում, գալիս են Արցախի ներկայացուցչության շենք և ստանում աջակցություն՝ թե՛ իրավական, թե՛ այլ հարցերում։ Մենք այդտեղ զբաղվում ենք բացառապես մեր խնդիրներով։ Չենք ներգրավվում Հայաստանի ներքաղաքական հարցերին», – ընդգծեց Դանիելյանը։

 

Նա շեշտեց, որ Արցախի հարցը որևէ իշխանություն չի կարող փակել։

 

«Մեր հիմնական խնդիրը վերադարձն է, որն անսակարկելի իրավունք է։ Ոչ ոք չի կարող այդ իրավունքը մեզանից խլել։ Արցախի Ազգային ժողովը, որպես ընտրված և լեգիտիմ մարմին, շարունակում է գործել այդ շենքում։ Ներկայում շրջանառվող մոտեցումները՝ իբր պետություն պետության ներսում, անհեթեթ են։ Այդ շենքի գործառույթները սահմանափակելու մասին խոսակցությունները զուրկ են իրավական որևէ հիմքից», – ասաց նա։

 

Դանիելյանի խոսքով՝ շենքը Արցախի Հանրապետությանը տրամադրվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ դեռևս 1997 թվականից։

 

«Շենքի սեփականատերը Արցախի կառավարությունն է։ Եթե փորձեն խլել այն, դա կլինի օրենքից դուրս գործողություն։ Այդ պարագայում փաստացի կխոսենք շենքն անօրինական ձևով հափշտակելու մասին», – ասաց նա։

 

Նա նաև նշեց, որ թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից փաստաբանների խումբ է ձևավորվել, որը փորձում է իրավական ճանապարհով պաշտպանել ներկայացուցչության շենքը։

 

Դանիելյանը մեկնաբանեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը, որտեղ վերջինս հայտարարել էր, թե Արցախի տարածքը ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս։

 

«Դժվար է մեկնաբանել վարչապետի նման հայտարարությունները։ Եթե Արցախը երբևէ եղել է Ադրբեջանի մաս, ապա ինչո՞ւ էր ստեղծվել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն այդ տարածքը դիտարկել է որպես վիճարկելի։ Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը երբևէ չեն ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ Միայն այս իշխանություններն են նման քայլի գնացել», – ասաց Արցախի ԱԺ նախագահը։

 

Դանիելյանի խոսքով՝ երբ այսօր տարբեր պետությունների խորհրդարաններ ու միջազգային կառույցներ շարունակում են խոսել Արցախի մասին, ընդունում բանաձևեր ու արձանագրում վերադարձի իրավունքը, ապա խոսել հակառակի մասին՝ միայն Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունն է։

 

«Ամբողջ աշխարհում խոսվում է Արցախի մասին, ընդունվում են բանաձևեր, գործում են միջազգային իրավական մեխանիզմներ, ՄԱԿ-ի դատարանն անգամ միջանկյալ որոշումներ ունի։ Այս համատեքստում միայն Հայաստանի գործող իշխանությունն է խոչընդոտում այդ գործընթացը։ Սա հակահայկական քաղաքականություն է, և որևէ մեկն այլևս չի կարող դա թաքցնել», – եզրափակեց նա։