Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ՀԷՑ-ը այս վիճակին կարծես թե հասցնողներից մեկն այդ նույն պաշտոնյան է. լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ պնդելով, որ նա ի պաշտոնե իր ենթական է և ծանուցումը ստացել է։
Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ այս պահին մասսայական ազատումներ չի նախատեսում, բայց ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանակներում։
«Կոնկրետ անձինք իրենց կառավարման շրջանում, ղեկավարման արդյունքում ՀԷՑ ՓԲԸ-ն հասցրել են այն վիճակին, որ պետությունը ստիպված է կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում։ Դա կլինի իրենց աշխատանքային պատասխանատվության նվազագույնը»,- ասաց նա։
Պետրոսյանի խոսքով՝ հարգում է այն մասնագետների աշխատանքը, որոնք այս ընթացքում և հետագայում պետք է ապահովեն ՀԷՑ-ի անխաթար աշխատանքը։ Նա հորդորեց ՀԷՑ-ում աշխատող մասնագետներին զերծ մնալ սաբոտաժից։
«Ես իրենց պաշտոնապես այս պահին խնդրում և հորդորում եմ՝ իրենց աշխատանքը կատարել պատշաճ, աշխատանքային օրենսգրքի, պաշտոնի անձնագրին համապատասխան, որևէ մեկի իրավունքը հանկարծ չոտնահարել, գործել հանուն հանրապետության, այդ թվում՝ իհարկե, տնտեսվարողի կոմերցիոն շահերի շրջանակում, որովհետև մասնավոր սեկտորի աշխատակիցներ են, բայց որևէ կերպ թույլ չտալ սաբոտաժային հնարավոր ցուցումներ, որովհետև սաբոտաժը քրեորեն հետապնդելի արարք է, և ես հետամուտ եմ լինելու ցանկացած սաբոտաժի դրսևորման՝ անձնական պատասխանատվության դաշտում, հանուն ՀՀ-ի»,- ասաց նա։
Ի պատասխան հարցին՝ սեփականատիրոջ կալանավորումից հետո ինչպես է կառավարելու, Պետրոսյանը պատասխանեց, որ ինքը որպես ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ իր լիազորություններն իրակացնելու է օրենքով վերապահված լիզորությունների շրջանաներում։