ՀՀ վարչապետի ասուլիսը ոչ այլ ինչ էր, քան կեղծիքով, զավեշտով, մանիպուլյացիայով ու գռեհկաբանությամբ լեցուն խոսույթ, այս մասին հայտարարել է Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր՝ տեր Քերովբե քահանա Բարսեղյանը։
«Թերևս, մեզ ծանոթ է վարչապետի այս նկարագիրը, որը նաև փորձում է աստվածաբանի ու քրիստոնյայի բարի կերպար ստեղծել՝ ասելով, թե Հայ Եկեղեցու հետևորդ է և Հիսուս Քրիստոսն իր իդեալն է:
Պարզաբանում ենք, թե ինչ է նշանակում լինել Հայ Եկեղեցու հետևորդ.
Ա․ անձը պետք է մկրտված լինի Հայ Եկեղեցում,
Բ․ անվերապահորեն ընդունի Հայ Եկեղեցու դավանությունը,
Գ․ ընդունի Հայ Եկեղեցու նվիրապետությունը (հոգևոր իշխանությունը),
Դ․ Սուրբ Պատարագի միջոցով մշտապես հաղորդության մեջ լինի Մեր Տեր Հիսուս Քրիստոսին:
Իրեն Հայ Եկեղեցու հետևորդ համարող վարչապետը ե՞րբ է վերջին անգամ մասնակցել Սուրբ Ծննդյան կամ զատկական պատարագներին, տարվա մեջ քանի՞ անգամ է հաղորդակից եղել Տիրոջ կենդանարար մարմնին և արյանը։ Չէ որ Ավետարանն է պատվիրում․ «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու Մարմինը և չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա» (Հովհ․ 6․ 54):
Հայ հասարակությունը տեղյակ չէ, հետևաբար նա ոչ միայն անհաղորդ է Հիսուս Քրիստոսին, այլև դուրս է Հայ Եկեղեցուց:
Նման մարդկանց համար է Հակոբոս առաքյալն ասում. «Դու հավատում ես, որ մեկ է Աստված․ լավ ես անում։ Դևերն էլ են հավատում և դողում»։
Զարհուրելի ու եղկելի, ամեն ստորության ու նենգության ընդունակ, ոչ մի սրբություն չունեցող վարչապետն ամեն օր իր գրառումներով ու անօրինական գործողություններով դիվային քայլեր է անում և դրանք փաթեթավորում ազգային շահավետ գաղափարախոսությամբ:
Զորօրինակ ասուլիսը, բայց հայ ժողովուրդն արթուն է ու դեռ կասի իր խոսքը»,- նշել է Տեր Քերովբեն։