«Խնդրում եմ այս համաճարակից չպաշտպանվել»․ Աննա Հակոբյանն ազդարարում է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մասին


«Խնդրում եմ այս համաճարակից չպաշտպանվել»․ Աննա Հակոբյանն ազդարարում է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մասին
Հուլիս 15 16:03 2025

Ուղիղ ինն ամիս առաջ մեկնարկեց «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնությունը եւ վերածվեց շարժման։ Այսօր կարող ենք արձանագրել, որ անընդհատ եւ շարունակաբար կրթվելու, նորովի կրթվելու, մտքի եւ հոգու հեղափոխության գաղափարներն ամբողջությամբ տարածված են մեր երկրում եւ մեծ աջակցություն են վայելում, գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

 

«Սա լավ սկիզբ է։ Շատ լավ սկիզբ է։ Բայց միայն սկիզբն է։

 

«Կրթվելը նորաձեւ է» շարժման առաջին փուլն այսպիսով կարող ենք հաջողությամբ փակել եւ թեւակոխել երկրորդ փուլ։

 

Երկրորդ փուլն իմպլեմենտացիայի փուլն է։ Այսինքն` փաստացի կրթվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, ինքնակատարելագործվելու փուլը։ Այս փուլը հաջողված կլինի միայն մի դեպքում, երբ այս պահից սկսած ինչ-որ նոր բան սովորելու գործողությունը համաճարակի նման տարածվի ողջ երկրով մեկ։ Խնդրում եմ յուրաքանչյուրին այս համաճարակից չպաշտպանվել, կրթվելու բացիլ կրել իր մեջ եւ դրանով շրջապատին վարակել։

 

Ավելի քան 11 հազար մարդ ներկա գտնվեց այս շատ կարեւոր խոսակցությանը, ավելի քան 12 հազար մարդ միացել է շարժմանը։ Եթե յուրաքանչյուրը սեփական օրինակով վարակի 100-200 հոգու, ինքնակատարելագործվելու համաճարակն անխուսափելի կլինի։

 

Իսկ եթե դուք ցանկանում եք նոր բան սովորել, կամ ինքնակատարելագործվել, բայց չգիտեք` ինչ եւ ինչպես, հետեւեք «Իմ քայլը» հիմնադրամի հայտարարություններին։ Շարժման կենտրոնական կոմիտեի եւ հիմնադրամի ջանքերն ուղղված են այս հարցերի պատասխանները գտնելուն եւ ձեց համար հնարավորություններ ստեղծելուն»։