«Չելսին» հաղթել է ՊՍԺ-ին և նվաճել աշխարհի ակումբային առաջնության գավաթը


«Չելսին» հաղթել է ՊՍԺ-ին և նվաճել աշխարհի ակումբային առաջնության գավաթը
Հուլիս 14 08:24 2025

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում, որը կայացավ Նյու Ջերսիի Իսթ Ռադերֆորդ քաղաքի «ՄետԼայֆ» մարզադաշտում, Լոնդոնի «Չելսին» վստահ հաղթանակ տարավ մրցաշարի գլխավոր ֆավորիտ ՊՍԺ-ի նկատմամբ (3:0)։

 

«Ազնվականների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Քոուլ Պալմերը (22’, 30’), ևս մեկ անգամ աչքի ընկավ Ժոաու Պեդրուն (43)՝ խփելով 3-րդ գոլը «Չելսիի» կազմում անցկացրած երկրորդ խաղում։ Հանդիպման վերջնամասը փարիզյան գրանդը անցկացրեց 10 հոգով․ 85-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Ժոաու Նևեշը՝ մրցակցի մազերը միտումնավոր քաշելու համար։

 

Պալմերը դարձավ լոնդոնյան գրանդի պատմության երկրորդ ֆուտբոլիստը, որը եզրափակչում մասնակցել է երեք գոլային գործողության (2 գոլ, 1 գոլային փոխանցում)։

 

Նման ցուցանիշ վերջին անգամ գրանցել էր Էդեն Ազարը՝ 2019 թվականի մայիսին Եվրոպայի լիգայի եզրափակչում՝ «Արսենալի» դեմ խաղում, երբ «կապույտները» հաղթեցին 4:1 հաշվով, իսկ բելգիացին դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ։

 

Այսպիսով, «Չելսին» պատմության ընթացքում երկրորդ անգամ նվաճեց աշխարհի ակումբային առաջնության գավաթը՝ առաջինը նոր ձևաչափով։

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա է գտնվել խաղին,այնուհետև ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ մրցանակը հանձնել հաղթող թիմին: