Այսօր՝ հուլիսի 11-ին, պայթյուն և ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Սարյան 1/1 հասցեի սեփական տան բակում պայթյուն է տեղի ունեցել և կա զոհ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով մահացել է Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Օնիկ Մ.-ն։
Ահազանգով ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արիստակես Գրիգորյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։