Երեխան գտնվում է իմ գրկում, թույլ չեն տվել դեռ երեխային փոխանցել մորը. Զարուհի Փոստանջյան (Տեսանյութ)


Երեխան գտնվում է իմ գրկում, թույլ չեն տվել դեռ երեխային փոխանցել մորը. Զարուհի Փոստանջյան (Տեսանյութ)
Հուլիս 11 20:45 2025

«Երեխան գտնվում է իմ գրկում, դեռ թույլ չեն տվել երեխային փոխանցել մորը։ Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, մյուս երեխաները տանը լաց են լինում»,- ուղիղ եթերում հայտնում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով 8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանի կալանավորմանը։

 

Նշենք, որ Շենգավիթի դատարանն այսօր որոշում է կայացրել 3 ամսով կալանավորել երեք անչափահաս երեխաների մորը՝ քաղաքացի Լիանա Հարությունյանին։

 

Ըստ փաստաբանի՝ վերջինս ունի բարձրագույն կրթություն և մատուցել է թարգմանչական ծառայություններ Հնդկաստանի քաղաքացիների համար։ Ի սկզբանե Լիանա Հարությունյանը հարցաքննվել է որպես վկա, սակայն հետագայում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի միգրացիայի օժանդակության մեղադրանքով։

 

Հատկանշական է, որ Լիանա Հարությունյանը երեք անչափահաս երեխաների մայր է, որոնցից ամենափոքրն ընդամենը 8 ամսական է։ Միևնույն ժամանակ, ազատության մեջ են գտնվում երեք տղամարդ, ովքեր հանդիսանում են իբրև թե ապօրինի միգրացիայի կազմակերպիչներ։

 

Դատարանի որոշումից արդեն անցել են ժամեր, սակայն մինչ այս պահը որոշման օրինակ չի տրամադրվել պաշտպանական կողմին, ինչը խոչընդոտում է բողոքարկման հնարավորությանը։

 

Այս պարագայում մնում է բաց հարց՝ ինչպես և ո՞ւմ միջոցով է ապահովվելու 8 ամսական երեխայի խնամքը, արդյո՞ք խոցելի սոցիալական վիճակում գտնվող մոր նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց, համաչափ է, կալանավորման պայմաններում ո՞վ է ապահովելու երեք երեխաների խնամքը։

Տեսանյութը` այստեղ