Մամուլում երեկ տեղեկություն տարածվեց, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքից ազատել է Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին։
Նշվում է, որ աշխատանքից ազատման պատճառը եղել է ի աջակցություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հավաքին մասնակցելը։
ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանն Aysor.am-ի հետ զրույցում վստահեցրեց, թե Անուշավան Սրբազանին ազատել են ոչ թե հավաքին մասնակցելու համար, այլ, որ նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է։
«Լինելու է դեկանի նոր ընտրություն»,- ասաց նա։
Հարցին՝ իսկ որպես դասախոս Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը կշարունակի՞ աշխատել ԵՊՀ-ում՝ խոսնակը խոստացավ ճշտել՝ արդյո՞ք նա դասաժամեր ունի, հետո պատասխանել, բայց մեր բոլոր հեռախոսազանգերն այդպես էլ անպատասխան մնացին։
Aysor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև Անուշավան Սրբազանից, սակայն նա նույնպես հեռախոսազանգերն անպատասխան թողեց, Մայր Աթոռում մասնակցում է Քահանայաց ժողովին։
Ի դեպ, օրեր առաջ «Հրապարակ»-ը գրել էր, որ հակաեկեղեցական արշավում Նիկոլ Փաշինյանի խորհրդատուն ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն է։ Սրբազանը, սակայն, հերքել էր այդ տեղեկությունը։
«Սա ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև դատապարտելի կեղծիք է. ինչ-որ օրաթերթի ինչ-որ «լավատեղյակ» մի անձից հուշվել է»,- ասել էր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։
Նշվում է, որ Անուշավան Սրբազանն ու ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մտերիմ հարաբերություններ ունեն, սակայն, փաստացի, նրան չի ներվել ի աջակցություն Սամվել Կարապետյանի հավաքին մասնակցելը։
Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը 2005 թվականից ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանն էր: