Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր դաշտի խաղացողներն ունեն մեկ անելիք. Աբրահամյան


Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր դաշտի խաղացողներն ունեն մեկ անելիք. Աբրահամյան
Հուլիս 9 12:55 2025

«Վերջին 3-4 ամիսների ընթացքում ներընդդիմադիր դաշտում դիսկուրսն ու դրա շուրջ քաղաքական փոխհրաձգությունը 2026 թվականի ընտրությունների և կառավարությանն անվստահության հայտնելու շուրջ էր»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

 

Ըստ նրա, ՀՀԿ-ն դաշտում այն հիմնական ուժն է, որը ի սկզբանե կարծում էր, որ 2026-ին սպասելը խիստ ռիսկային է, որովհետև նախընտրական տրամաբանության և արտաքին ուժերին տված խոստումների պայմաններում իշխանությունը գնալու է քայլերի, որոնք կարող էին 2026-ի ընտրություններին ընդառաջ աննախադեպ իրավիճակ ստեղծել, որի պայմաններում երկիրը անվերականգնելի կորուստներ կունենար, իսկ ընտրություններն այլևս ոչինչ չէին փոխի:

 

«Վերջին շաբաթները ցույց տվեցին, որ իշխանությունը երկիրը նոր փորձությունների մտցնելու ակտիվ շրջան է մտել, ինչի պարագայում, նույնիսկ ամենալավատեսները գիտակցում են, որ այս բնույթի իշխանության համար ընտրությունները զուտ ֆորմալ բնույթի պրոցեսներ են իրենց իշխանության երկարակեցությունն ապահովելու համար, որովհետև կա´մ մինչև դա ոչնչացնելու են դաշտը և մնան իրենք ու իրենց հաճախորդները կա´մ նույնիսկ տեսականորեն ընդդիմության հաջողության դեպքում այն ուժով խլվելու է:

 

Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր դաշտի խաղացողներն ունեն մեկ անելիք` կա´մ քաղաքական խորհրդակցություններ սկսել օրակարգում առկա կառավարության անվստահության պրոցեսի շուրջ կա´մ առաջարկել այլ լուծում, որը կբխի երկրում ստեղծված աննախադեպ իրավիճակից»,- գրել է Տ.Աբրահամյանը: