Երկու շաբաթ է՝ բռնապետն անցել է վայրագությունների նոր փուլի։ Արշավ է Մայր Աթոռի դեմ, Սրբազան պայքարի աջակիցներն ապօրինի հալածվում ու բանտարկվում են, Դաշնակցությունը դարձել է թիրախ՝ իբրև համահայկական և ազգային ուժ։ Ամեն օր նոր հարձակումներ, ձերբակալություններ ու կալանավորումներ են, այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշել է, որ վերջին օրերին ուղիղ հարձակում է «Հայաստան» խմբակցության դեմ՝ ապօրինի քրեական հետապնդում է ֆրակցիայի ղեկավարի, քարտուղարի դեմ, կալանավորվում է ֆրակցիայի մեկ այլ պատգամավոր, ՔՊ-ն սպառնում է հետապնդել ֆրակցիայի մի քանի այլ պատգամավորի։
«Ակնհայտ է, որ այս ամենը պատահական չէ։ Խնդիր չստեղծողին, ոչինչ չանողին չեն հետապնդում։
Ու այս ֆոնին ի՞նչ է կատարվում ներընդդիմադիր դաշտում։ Այս ծանրագույն իրավիճակում ճիշտ թիրախներին խփելու, պաշտպանվելու, ընդհանուր ճակատում ամեն մեկը սեփական խրամատում իր գործն անելու փոխարեն՝ անդադար թիրախավորվում են իշխանության կողմից հետապնդվողները։
Ամեն անգամ Փաշինյանի հերթական հարձակմանը զուգահեռ դրսևորվում է ընդդիմադիր դաշտում տարրական իմունիտետի բացակայությունը, կամ որ ավելի վատ է՝ դիտավորյալ պղտոր ջրում ձուկ որսալու գործելաոճը։
Մինչդեռ, այստեղ ամեն մեկը կարող էր լինել իր դիրքում, և ընդհանուր ճակատով պայքարը լիներ թիրախի դեմ, այլ ոչ թե սրիկայաբար հարվածեր թիկունքից։
Տղե՛րք, հերի՛ք է, ամո՛թ է։
Դադարեցրե՛ք այս ամենը։
Հակառակ պարագայում բոլորի համար հստակ արձանագրվում է. դուք ընդամենը նեղ իրավիճակում թիկունքից հարվածողներ եք։
Դա մեզ շատ չի վնասի, ձեզ էլ օգուտ չի բերի։ Սակայն, շատ կօգնի վարչախմբին»,- նշել է Սաղաթելյանը։