ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։
Լրագրողների հետ զրույցում Օհանյանը հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ։
Օհանյանը նշեց, որ վերջին մեկուկես ամսում իր մոտ գրանցվել է նախաինսուլտային վիճակ, նաև պրոթեզի ու ողնաշարի վերականգնողական բուժում է անցել։
ՀՀ քննչական կոմիտեից էլ հայտնել են, դատախազի կողմից որոշում է կայացվել Ս.Օ.-ի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը) և 444-րդ հոդվածի 2-րդ մասով (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և քննիչի կողմից վերջինիս մեղադրանք է ներկայացվել։ Ս.Օ.-ն հրաժարվել է ցուցմունք տալուց։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։