Պետդեպարտամենտում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքները. Օսկանյան


Պետդեպարտամենտում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքները. Օսկանյան
Հուլիս 8 14:02 2025

Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը (Դաշնային Դեմոկրատական Միություն) և Լուկաս Ռայմանը (Շվեյցարական Ժողովրդական Կուսակցություն), «Միջազգային Քրիստոնեական Համերաշխություն» կազմակերպության նախագահ դոկտոր Ջոն Այբները, ինչպես նաև Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այս շաբաթ այցելում են Վաշինգտոն՝ ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնությունը և խթանելու ԱՄՆ-ի ավելի ակտիվ ներգրավվածությունը՝ արդարության և Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության հաստատման գործում։ Այս մասին հայտնել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:

 

«2025 թ. մարտին Շվեյցարիայի խորհրդարանը պատմական բանաձև ընդունեց, որով պարտավորեցրեց Դաշնային Խորհրդին կազմակերպել միջազգային խաղաղության համաժողով։ Համաժողովի նպատակն է միջազգային վերահսկողությամբ ուղիղ երկխոսության նախաձեռնում Ադրբեջանի իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչների միջև՝ ուղղված կամավոր, հավաքական և արժանապատիվ վերադարձի շուրջ բանակցություններին։

 

Հուլիսի 7-ի՝ երկուշաբթի առավոտյան, պատվիրակությունն այցելել է ԱՄՆ Պետդեպարտամենտ և հանդիպել պետքարտուղարի տեղակալների օգնականներ Ջեյք ՄաքԳիի և Մոնիկա Ագեր Յակոբսենի հետ։ Քննարկումների առանցքում եղել են Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայերի իրավունքները, ինչպես նաև Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում ընթացող զարգացումները։

 

Պատվիրակությունը Վաշինգտոնում շարունակելու է հանդիպումները Կոնգրեսի անդամների, մարդու իրավունքների կազմակերպությունների և վերլուծական կենտրոնների հետ՝ նպատակ ունենալով ապահովել աջակցություն Շվեյցարական նախաձեռնությանը և պահպանել տեղահանված բնակչության շարունակվող ճգնաժամը միջազգային օրակարգում»,- նշել է նա: