Փաստաբան Արա Զոհրաբյանը գրել է.
«Ինձ համար կասկած չկա, որ քննչական մարմինների, դատախազության և դատարանի գործողությունները փաստացի ղեկավարում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես այսօր տեղեկացանք Նիկոլ Փաշինյանի հրապարակային գրառումից, նախապատրաստվում է խուզարկություն Մայր Աթոռում: «Գլխավոր քննիչը» «հանձնարարել է» խուզարկել այն վայրը, որտեղ քրիստոնյաներս ակնածանքով ենք մուտք գործում:
Խուզարկելիս, քննիչը գալիս է անսպասելի, որպեսզի չթաքցվեն քննությանը հետաքրքրող առարկաները կամ նյութերը: Իսկ այս դեպքում, նախապես հայտարարվում է:
Հարց է ծագում, ինչու:
2 պատճառ եմ տեսնում՝ (1) «գլխավոր քննիչին» պետք է, որպեսզի պղծի Մայր Աթոռը՝ աննախադեպ գործողությամբ, կամ (2) պետք է մի բան սարքվի (կարող են երկու տարբերակներն էլ լինել):
Իսկ հրապարակ է նետում այդ գաղափարը, որպեսզի ստուգի հանրության տրամադրությունը: Կպաշտպանե՞ն Մայր Աթոռը իրենից, թե՝ ոչ:
Բոլոր կարմիր գծերը վաղուց հատված են:
Այս իշխանության ներկայացուցիչների կողմից, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սահմանադրական կարգը տապալվել է, այդ թվում՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանումն և հավասարակշռումը երաշխավորող Սահմանադրության նորմի գործողությունը փաստացի դադարեցված է:
Դրա ապացույցները շատ են: Վերջին թարմ օրինակը՝
Ազգային ժողովը 03.07.2025թ. որոշում է ընդունել, որով մասնավորապես « 1. Խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտեցին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները 2025 թվականի հունիսին:»:
Ինչպես տեսնում եք, Ազգային ժողովը կոպտորեն խախտելով Սահմանադրության այն նորմերը, որոնք սահմանում են անմեղության կանխավարկածի և արդարադատությունը միայն դատարանի կողմից իրականացնելու սկզբունքները, արդեն հանցագործության կատարում է արձանագրել և դատապարտել:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ հանդիսացող քրիստոնյաները լավ պատկերացնում են, որ Մայր Աթոռի նկատմամբ այս պիղծ գործողությունները մեծ դժբախտություն են բերելու մեր ազգի գլխին»։