Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 7-ին Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում մասնակցել է ծառայությունների կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։
Ներկա էին Ոստիկանության պետը, տեղակալները, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, պարեկային ծառայողներ։
Շնորհավորելով ներկաներին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ոստիկանության պատմության մեջ 4 տարին կարող է կարճ ժամանակահատված թվալ, սակայն այդ ընթացքում կատարվել է բարդ և ինտենսիվ աշխատանք․ ծառայության ձևավորումը տեղի է ունեցել Հայաստանի համար բարդ շրջանում։ Չնայած եղած մարտահրավերներին՝ ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները չեն կասեցվել և 2021 թվականին ծառայության մեկնարկը դրա վառ վկայությունն է։ Նախարարի խոսքով ծառայությունը կայացել է՝ սահմանելով ոստիկանական աշխատանքի նոր նշաձող, շարունակում է կատարելագործվել և այդ նշաձողը պետք է բարձրանա յուրաքանչյուրի ամենօրյա աշխատանքով։
«Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել ոստիկանության աշխատանքի և, առավելապես, հանրությանը մատուցվող ծառայությունների որակի և փիլիսոփայության տեսանկյունից։ 4 տարվա ընթացքում մենք մի շարք նմաճումներ ենք ունեցել և Պարեկային ծառայությունը և Օպերատիվ կառավարման կենտրոնը լինելով առաջամարտիկը ոստիկանության ոլորտի բարեփոխումների իրականացման, ցույց են տվել, որ հնարավոր է ունենալ նման բովանդակային փոփոխություն Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարարը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է քաղաքական կամք և հանձնառություն՝ դրանով իսկ լինելով բարեփոխումների սեփականատերն ու արձանագրելով շոշափելի արդյունքներ։
«Այն բոլոր խնդիրները, որոնք մենք արձանագրել ենք ծառայության գործունեության ընթացքում պետք է հետևողականորեն յուրաքանչյուրիդ ներդրած ջանքի արդյունքում դրանք լուծվեն և թողնեն միայն այն դրականը և լավը, որը մենք բոլորս արձանագրում ենք ծառայության տեսանկյունից։ Ես ուզում եմ, որ առաջամարտիկ լինելով բարեփոխումների տրամաբանության մեջ դուք շարունակեք իրականացնել տարբեր ուղղություններով առաջատար լինելու ձեր առաքելությունը և դրանով վարակեք նաև ձեր մյուս գործընկերներին»,- նշել է ՆԳ նախարարը։
Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողներ ՆԳ նախարարի, Ոստիկանապետի և ՊԾ պետի կողմից արժանացել են պարգևների։
Ցուցադրական ելույթով հանդես են եկել ճանապարհային երթևեկության կարգավորում իրականացնող պարեկները։
Ներկայացվել են տրանսպորտային միջոցի հետապնդման, կանգնեցման, ռիսկային գործողությունների իրականացման սցենարային իրավիճակներ։ Ցուցադրման ընթացքում առանձնահատուկ ընդգծվել է պարեկային կարգախմբերի պատրաստվածության աստիճանը՝ տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու, վերահսկելի և համակարգված հետապնդում իրականացնելու, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պայմաններում հնարավորինս անվտանգ և պրոֆեսիոնալ միջամտելու ունակությունը։
Տոնական միջոցառումը շարունակվել է Ոստիկանության զորքերի երգչախմբի և պարային համույթի ելույթներով։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Ոստիկանության ղեկավար կազմը շարային ստուգատեսի ընթացքում ծանոթացել են պարեկային մեքենաների, մոտոցիկլետների ու սեգվեյների համալրվածությանը, տեխնիկական վիճակին, օգտագործվող հատուկ տեխնիկայի և սարքավորումների հագեցվածությանը։
Ավարտին նախարար Սարգսյանը, ոստիկանության պետն ու ոստիկանության ղեկավար կազմը ծաղիկներ են խոնարհել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին