Դատախազությունը շարունակելու է կանգնած մնալ իրավակարգի և օրինականության եզրագծին․ Վարդապետյան


Դատախազությունը շարունակելու է կանգնած մնալ իրավակարգի և օրինականության եզրագծին․ Վարդապետյան
Հուլիս 7 09:56 2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի հուլիսի 5-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ:

 

Դատախազության աշխատողներին ուղղված ելույթում՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է.

 

«Սիրելի՛ դատախազներ, Դատախազության աշխատակիցներ,

 

Արդեն երկրորդ անգամ է, որ Դատախազության աշխատողի օրը վերածում ենք Դատախազությանը նվիրված միջոցառումների շարքի: Այս ավանդույթը պետք է շարունակենք ու հարստացնենք միասին: Այս տարին ևս բացառություն չէ. խորհրդանշական օր՝ ՀՀ Սահմանադրության 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում, կեզրափակենք Դատախազության աշխատողին օրվան նվիրված միջոցառումները, որոնք մեկնարկել էինք այս տարի հունիսի 30-ին, Դիլիջանում:

 

Գոհունակությամբ և երախտիքով եմ նշում, որ 2024 թվականը գերազանցեց իմ ակնկալիքները: Գերազանցեց թե՛ չափանիշներով, թե՛ ցուցանիշներով՝ փաստահեն ցուցանիշներով: Դրանց տակ պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերն են, մեղադրանքների հիման վրա կայացված դատական ակտերը:

 

Հայաստանի Հանրապետության դատախազությունը շարունակելու է կանգնած մնալ իրավակարգի և օրինականության եզրագծին: Ինչո՞ւ եմ ասում եզրագծին և ոչ սահմանին, որովհետև շատ հաճախ եզրագծին մոտեցող մարդիկ ամենահամարձակներն են: Ես ցանկանում եմ, որ Դատախազությունը շարունակի լինել օրինականության և իրավակարգի ամրապնդման եզրագծին կանգնած համարձակը, պաշտոնյան ու քաղաքացին, որը ոչ մի իրավիճակում չի խուսափում պատասխանատվությունից, պրոֆեսիոնալը, որը կարող է փաստարկված ասել «ոչ», պաշտոնյան, որին հնարավոր չէ կաշառել:

 

Ես լիահույս եմ, որ մենք միասին բարձրացնելու ենք այն նշաձողը, որը սահմանել ենք, շարունակելու ենք այս ճանապարհն ու դառնալու ենք պատվար, դառնալու ենք պաշտպան բոլոր նրանց համար, ովքեր ունեն մեր պաշտպանության կարիքը:

 

Շնորհավորում եմ բոլորիդ ու շնորհակալություն եմ հայտնում կատարած աշխատանքի համար»:

 

Հանդիսավոր նիստի ավարտին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով՝ Դատախազության կազմավորման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, պաշտոնեական պարտականությունները գերազանց և բարեխղճորեն կատարելու համար, մի շարք դատախազներ և Դատախազության աշխատակիցներ պարգևատրվել են հուշանվեր ժամացույցով, «Հայաստանի Հանրապետության դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալով, «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով, Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով, հուշանվերով, մի շարք դատախազների և Դատախազության աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն, ինչպես նաև երեք դատախազի շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում անձնական մեծ ավանդ ներդնելու, ինչպես նաև Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, «Օրենքի պատվար» մեդալով է պարգևատրվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Եղիազար Ավագյանը:

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով՝ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, հուշանվեր ժամացույցով են պարգևատրվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Լիլիթ Գրիգորյանը և ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վարուժան Ղահրամանյանը:

 

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ դատախազության գլխավոր քարտուղարի հրամանով Դատախազության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են հուշանվեր ժամացույցով, մի շարք աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հայաստանում նշվում է ՀՀ դատախազության աշխատողի օրը: Այս տարի Դատախազությունն իր մասնագիտական օրը խորհրդանշել է միջազգային բարձրաստիճան համաժողովի կազմակերպմամբ, որին մասնակցել են ՀՀ գործադիր և դատական իշխանությունների ղեկավարներ, ինչպես նաև եվրոպական 7 երկրների դատախազությունների և դատախազական երկու միջազգային կառույցների ներկայացուցիչներ: