Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի գնահատմամբ՝ եկեղեցու դեմ իշխանությունների քաղաքական դիրքորոշումն ու տեղի ունեցող զարգացումները չեն կարող դիտարկվել մեկուսացված, միայն Հայաստանի ներքին գործընթացների համատեքստում։
Մելքոնյանի խոսքով՝ կա հիմնավոր կասկած, որ եկեղեցու թիրախավորումը ներդաշնակվում է Թուրքիայի և Ադրբեջանի երկարամյա ռազմավարական օրակարգերի հետ։
«Այս կասկածն օբյեկտիվորեն ունի հիմքեր, մինչդեռ իշխանական կողմից պնդում են, թե այս ամենը ճիշտ չէ կապել Թուրքիայի և Ադրբեջանի հետ», - «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Թուրքագետը հիշեցրեց, որ Թուրքիայում տարբեր ռազմավարական հայեցակարգերում Հայ Առաքելական եկեղեցին բազմիցս հիշատակվել է որպես պետական մակարդակով թիրախավորվող կառույց։ Ըստ Մելքոնյանի՝ պատճառներն են՝
Եկեղեցու ազգապահպան առաքելությունը,
Հայ ինքնության ձևավորման գործում ունեցած առանցքային դերը,
Եկեղեցու՝ ցանցային համահունչ կազմակերպված լինելը,
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում ակտիվ գործունեությունը։
Այս բոլոր գործոնները Թուրքիան դիտարկում է որպես սպառնալիք իր պետական շահերի համար։
«Նրանք փորձում են պայքարել եկեղեցու դեմ հեղինակազրկման միջոցով՝ հեղինակազրկել, առաջացնել տարատեսակ խմբավորումներ, հակադիր աթոռներ, սկանդալներ և այլն»,-ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ սա ուղիղ նպատակային քաղաքականություն է։
Նա զուգահեռ տարավ նաև պատմական իրողությունների միջև՝ հիշեցնելով, որ Օսմանյան կայսրության տարիներին թուրք սուլթանները, չնայած այն ժամանակ չկային սոցիալական ցանցեր կամ հայտարարությունների տարածման ժամանակակից ձևեր, պատրիարքների փոփոխությունները իրականացրել են նույն տրամաբանությամբ՝ հստակ քաղաքական հրահանգով.
«Այն ժամանակ Facebook չկար, սուլթանները «ստատուսներ» չէին գրում, բայց սուլթանի կամքով պատրիարքներին շատ արագ փոխում էին»։
Այս համատեքստում Մելքոնյանը վտանգավոր է համարում Հայաստանում պետական իշխանությունների այն գործողությունները, որոնք ուղղված են եկեղեցու դեմ և որոնք ակնհայտորեն համահունչ են այն ծրագրերին, որոնք տարիներով մշակվել են Թուրքիայում և Ադրբեջանում։
«Վերը նշված չորս կետերը միայն ու միայն կարող էին ձեռնտու լինել Թուրքիային և Ադրբեջանին։ Իսկ այն, ինչ կատարվում է այսօր՝ ակնհայտորեն ցանկալի է այդ պետությունների համար», - նշեց նա։
Թուրքագետը նաև ընդգծեց, որ այդ գործընթացների տակ թաքնված է ոչ միայն պետական ինքնության ու պատմական հիշողության դեմ ուղղված քաղաքականություն, այլև կոնկրետ շահագրգռվածություն՝ լռեցնելու այն հասարակական շերտերին ու անհատներին, որոնք ունեն բարձր հեղինակություն և քննադատում են իշխանության ընթացիկ գիծը։
«Կարող ենք հիմնավոր կասկած ունենալ, որ այս ամենի նպատակը հասարակության մեջ հեղինակություն ունեցող և իրենց ապազգային քաղաքականությունը չընդունող անձանց ուղղակի լռեցնելն է»։