Այժմ Իրանի ներկայացուցիչներն իրենք են զանգահարում ինձ և խնդրում միջուկային գործարք կնքել. Թրամփ


Այժմ Իրանի ներկայացուցիչներն իրենք են զանգահարում ինձ և խնդրում միջուկային գործարք կնքել. Թրամփ
Հունիս 13 19:33 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի պաշտոնյաները զանգահարում են իրեն՝ խնդրելով համաձայնության գալ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։

«Նրանք բաց թողեցին գործարք կնքելու հնարավորությունը: Այժմ նրանք կարող են ևս մեկ հնարավորություն ունենալ: Մենք կտեսնենք», - ասել է Թրամփը NBC News-ի եթերում:

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է կարծում, որ Իրանը հիմա՝ Իսրայելի հարվածներից հետո, կցանկանա գործարք կնքել, Թրամփն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչները նման առաջարկներով դիմում են իրեն։

«Նրանք ինձ զանգում են խոսելու գործարքի կնքման մասին», - ասել է Թրամփը։

Թրամփն աջակցել է հրեական պետության գործողություններին։ «Նրանք ունեին աշխարհի լավագույն տեխնիկան, և դա ամերիկյան տեխնիկան է»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Հարցին, թե կոնկրետ ով է զանգում նրան, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է. «Նույն մարդիկ, ում հետ աշխատել ենք նախորդ անգամ»։ Նա ընդգծել է նաև, որ «նրանցից շատերը մահացած են»՝ նկատի ունենալով իրանցի բանակցողներին։