Թռավ Պրահա, իսկ մի շաբաթից կմեկնի Անկարա. «Հրապարակ»


Թռավ Պրահա, իսկ մի շաբաթից կմեկնի Անկարա. «Հրապարակ»
Հունիս 14 10:02 2025

 

«Հրապարակ» թերթը գրել է․

Երեկ` կեսգիշերից հետո, իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ սրվեց։ Իսրայելը հարվածներ հասցրեց իրանական միջուկային եւ ռազմական օբյեկտներին, սպանվեցին բարձրաստիճան զինվորականներ ու միջուկային զենքի մշակումներով զբաղվող գիտնականներ: Այս իրավիճակում, երբ Իրանը Հայաստանի միակ բնական դաշնակիցն է տարածաշրջանում, եւ նրա թուլացումն ուղղակի սպառնալիք է Հայաստանին, մեր վարչապետը, Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու, լայնածավալ պատերազմի ռիսկերը գնահատելու փոխարեն, երեկ դստեր հետ Չեխիա մեկնեց՝ մեկօրյա աշխատանքային այցով: Բայց միաժամանակ Հայաստանում փորձեց սրել ներքաղաքական իրավիճակը` գործարկելով նախընտրական կուլմինացիոն արարը՝ հրահանգ տալով ձերբակալելու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Իշխանական թիմում, եթե նախկինում հորթի հրճվանքով էին քննարկում նախկինների նկատմամբ հետապնդումները, երեկ, ստեղծված իրավիճակով պայմանավորված,  առանձնապես խանդավառված չէին Արգամիչի ձերբակալության փաստով։ Հատկապես որ ՀՀ իշխանություններից  ոչ ադեկվատ արձագանք էին տեսնում: Թեեւ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքեց, որ վտանգված է տարածաշրջանային խաղաղությունը, դատապարտեց Իրանի դեմ Իսրայելի հարձակումը` կոչ անելով «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին»:

«Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վտանգում է խաղաղությանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ` տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի ուշ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խորհրդարանում վստահեցրեց, որ սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է։ Արդյոք պաշտպանության նախարարությունը գնահատե՞լ է Սյունիքի վրա հարձակման ռիսկերը՝ հաշվի առնելով, որ այս լարված պահին Թուրքիան եւ Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում Նախիջեւանում` Հայաստանի անմիջական հարեւանությամբ, փոխնախարարը դժկամությամբ հայտարարեց․ «Բնականաբար, տարածաշրջանում ցանկացած սրացում մտահոգիչ է», բայց ՊՆ-ն «հետեւում է իրավիճակին»։ Իսկ ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում պաշտպանել իր սահմանները։ Սարգսյանը հստակ պատասխանի փոխարեն հասկացրեց, որ գնդակը քաղաքական իշխանության դաշտում է․ «Այնուամենայնիվ, ՀՀ-ն պետք է ամեն ինչ անի քաղաքական առումով՝ անմիջական տարածաշրջանում սրացումը կանխելու համար»։ Բայց անպատասխան թողեց հարցը, թե արդյոք ՀՀ ՊՆ-ն շփվո՞ւմ է իրանցի գործընկերների հետ։

ՔՊ-ականները երեկ մասնավոր զրույցներում Փաշինյանի հանգստության մասով վարկածներ էին քննարկում․ հնարավոր է՝ Թուրքիայի նախագահից հավաստիացում է ստացել, որ մինչեւ առաջիկա հանդիպումը էսկալացիա չի լինի։ Փաշինյանը, ըստ ամենայնի, հունիսի 20-ին կմեկնի Անկարա՝ հանդիպելու Էրդողանի հետ։ Իշխանական շրջանակների հաղորդմամբ՝ քննարկելու են հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես նաեւ՝ «խաղաղության համաձայնագիր» կնքելու հարցը։ Ոմանք այդ այցն ինքնին վտանգավոր էին բնորոշում՝ հաշվի առնելով տարածաշրջանում բռնկված նոր պատերազմը եւ այն, որ գնում է հանդիպելու Իրանի թշնամիներից մեկի հետ։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։