«Հրապարակ» գրում է ․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի գործընթացը, ըստ ամենայնի, գլուխ չի գա: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի առաջարկով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին վարչապետի թեկնածու առաջադրել, եւ խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել՝ սատարել այս որոշմանը, կոչ անելով ընդդիմադիր մյուս պատգամավորներին՝ միանալ իրենց նախաձեռնությանը։
«Հայաստան» դաշինքի ղեկավարը երեկ արձագանքեց․ ««Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար»: Սա նշանակում է, որ քանի դեռ 2 անկախ կամ ՔՊ-ական պատգամավոր չեն միացել «Պատիվ ունեմ»-ի 6 հոգուն, գործընթացը շարունակություն չի կարող ունենալ: Իհարկե, առավել հավանական էր, որ կմիանան ՔՊ-ից վտարված Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը, սակայն նրանք՝ երկուսն էլ հայտարարեցին, որ չեն ստորագրելու: Հ. Աղազարյանը, մեր հարցին ի պատասխան, երեկ կրկին հիշեցրեց, որ իրենք արդեն նախաձեռնել են իմպիչմենտ ու Էդմոն Մարուքյանի թեկնածությունն են առաջարկել, եւ ոչ մի նոր հանգամանք ի հայտ չի եկել, որ փոխեն իրենց դիրքորոշումն ու այլ թեկնածուի աջակցեն: Մեր ճշտող հարցին՝ եթե փողոցային պայքար սկսվի, ֆորսմաժոր լինի, դա կդիտարկե՞ն որպես նոր հանգամանք, Աղազարյանը չցանկացավ պատասխանել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 10․ 06․ 25 թ համարում։