«Նախկինների» վերադարձը․ ինչից է սարսափում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը


«Նախկինների» վերադարձը․ ինչից է սարսափում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը
Ապրիլ 8 19:56 2025

«Նախկինները» հանրության լայն շրջանակների համար այլեւս վտանգավոր կամ վախենալու չեն, կամ այնքան էլ վտանգավոր  չեն, որքան ներկաները։ Փաշինյանի ներմուծած «նախկիններ եւ  ներկաներ»  տարանջատման փոխակերպումը նոր իրականության մեջ այլեւս այսպիսի ընկալում ունի։ 

Համենայնդեպս, Գյումրիի ընտրություններով այս փաստ արձանագրվեց  նախ ընտրությունների արդյունքների հանրագումարում  ՔՊ-ն պարտվեց հավաքական ընդդիմությանը, եւ հետո՝ ավելի ուշագրավն այն է, որ՝ ընդդիմության քաղաքապետի  թեկնածուն՝ Վարդան Ղուկասյանը, որը եղածների մեջ ամենասկանդալայինն ու ամենամերժված էր, այսօր այնքան էլ չի վախեցնում գյումրեցիներին։ Համենայնդեպս, գետնի վրա դժգոհություններ, գործողություններ, ցույցեր , զանգվածային միջոցառումներ, որ կմերժեին  Ղուկասյանին, մինչեւ այս պահը չկան։ Անհանգիստ է միայն ՔՊ-ամերձ որոշակի շրջանակ, ինչը արտահայտվում է  ամենօրյա ցանցային աշխատանքով հարցազրույցներ են տալիս, Գյումրիի պատմության 2000- ականների պահոցից հանում են հին տասանյութեր, որոնք առնչվում են Ղուկասյանին ու ընտանիքին, հիշեցնում քրեական անցյալը, կոռուպցիոն գործարքները, սպանության ու բռնաբարության տարբեր գործեր, որոնք առնչվում են Ղուկասյան ընտանիքին։

Այն, որ Ղուկասյանի՝  մեղմ ասած շատ վատ  համբավը  գյումրեցին մոռացել է, զավեշտալի է։ Ակնկալել, որ նա Միքայել եպիսկոպոսի ասածով  մեծացել- փոխվել է, ավելի՛ զավեշտալի է հնչում։ Գյումրեցին այնքան էլ միամիտ չէ։ Բայց հանրության համընդհանուր լոյալությունն այս ամենին երկու բան կարող է նշանակել  նախ, որ  ժողովուրդը այնքան է հոգնել ու զզվել ներկաներից, որ խորապես հիսաթափված է եւ  թքած ունի գործընթացների վրա, որոնք տեղի են ունենում։ Սա ժողովրդական ալիքի վրա հեղափոխոխությամբ իշխանության եկած ուժի  լուրջ ձախողումն է։  

Եւ երկորդ՝ «Վարդանիկն» անգամ իր արյունոտ անցյալով ու օրինազանց  գերդաստանով  պակաս վտանգավոր է այսօր, քան ներկաները։ Եւ հանրության մի ստվար մաս նրան տեսնում է  այսօր որպես միջանկյալ միջոց, գործիք՝ ներկաներից ազատվելու եւ  հաղթանակը համապետական գործընթացներում պրոյեկտելու համար ՝ հետագայում նույն «վարդանիկներից» մաքրվելու հեռանկարով։

Մեկ կարեւոր հանգամանք էլ՝  ներկայում Վարդան Ղուկասյանը նաեւ հանրության մոտ ուժեղ լիդերի ընկալում ունի, ինչի պակասը  սուր զգացվում է  հանրության մոտ։ Դիցուք, ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի հայտարարությունը Նրա խոսույթը  «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանի  եւ  Գրիգորյանի թաղի բնակիչ ծերունու խոսքերի մասին շատ քննարկվեց «Թուրքի մայլա-Արցախ թաղամաս»  կոնտեքստում, սակայն կարեւոր մի բան կա։ Ալեքսանյանն ասում էր՝ գյումրեցին իրենց ճանաչել է, բայց ասել է, «ձեն չե՛մ տա»

«Ձեզ չեմ ընտրելու, Մեր Մարտունին եմ ընտրելու, դուք Վարդանի հետ խաղերի մեջ եք, Մարտունս է, որ ըդոր դեմը կառնի․․․»։

Այս նախադասությունն ինքնին ՔՊ-ի  պարտության մասին է։ ՔՊ-ն այս ծերունու մոտ պարտվել է ե՛ւ Վարդան Ղուկասյանին, ե՛ւ առավել եւս Մարտուն Գրիգորյանին։ Որովհետեւ Գրիգորյանն է, որ կարողացել է  զսպել  Ղուկասյանին։ Այստեղ հարց է ծագում՝  բա պետությո՞ւնը, բա իշխանությո՞ւնը, բա նոր Հայաստանի իրավապահնե՞րը,  բա կառավարող ո՞ւժը, որ այսքան տարի   խոսել ու քննադատել է  «վարդանիկների»-ն։  Ի՞նչ է արել իշխանությունը։  Խաղերի մե՞ջ է մտել «վարդանիկների» հետ, վախեցե՞լ է, խաբե՞լ է,  թալանի մասին լեգենդներ հյուսելով ու սուր ճոճելով՝  ատելությո՞ւն է գեներացրել, թե՞ տկար ու անզոր է եղել, միգուցե  ցուցաբերել է անպատասխանատվություն ու անիշխանությո՞ւն է  դրսեւորել։ Բոլոր դեպքերում էլ այդպիսի իշխանությունը մերժելի է։ Ահա այստեղ է ՔՊ-ի  պարտության պատճառները։

2018-ից իշխանության տված ոչ մի խոստում չի իրականացվել իրավապահ համակարգի վեթթինգ, անցումային արդարադատություն, հակակշռող ինստիտուցիոնալ համակարգեր․․․փոխարենը արհեստականորեն ներմուծված «նախկիններ-ներկաներ» նարատիվով, ատելության գերդոզավորմամբ Փաշինյանի իշխանությունը գործեց յոթ տարի։ Այս ընթացքում երկրի պետական պարտքին հակառակ՝  ժողովրդի կենսամակարդակը չբարելավվեց։  Հակառակը՝ սոցիալական սպասումները չարդարացավ ու դժգոհություններ գեներացվեցին։  Նա դեռ շարունակում է հետ  բերել  «թալանը»  մեքենա առ մեքենա, փոխարենը կորցնելով քաղաքներ ու գյուղեր, կարեւոր ռազմավարական հենակետեր, ամբողջ Արցախը։ Արցախը Փաշինյանի իշխանության գլխավոր պարտությունն էր։ Եւ միայն Արցախը  բավական էր, որ պարտված թիմը  հեռանար քաղաքականությունից։ 

Բայց ո՛չ, նրանք նորից վերարտադրվել են կամենում, բայց ինչպե՞ս․․․

«Նախկիններ-ներկաներ»  երկընտրանքը այլեւս ներկաների օգտին չի աշխատում։ Ահա այ սա՛ պետք է հասկանան ներկաները։ Չեն հասկանում, ավելին՝անկեղծորեն զարմանում են  ինչպե՞ս կարելի է հետ բերել նախկիններին։ Ժողովրդի համար, սակայն նախկիններն է՛լ այնքան վախենալու չեն։ Այ իշխանության համար՝ սարսափելի վախենալու են։ Այդ նրանք են, որ կորցնելու շատ բան ունեն։ Նախկինների «հետբերումը» սոսկալի հետեւանք է ունենալու իշխանության համար, իսկ գյումրեցին, փարաքարցին, հասարակ հայ ժողովուրդն այլեւս կորցնելու ոչինչ  չունի։

2026-ի խորհրդարանականից առաջ էլ «նախկին-ներկա» երկընտրանքը չի աշխատելու, կամ  աշխատելու է իշխանության  դեմ։ Պողպատե մուրճ չէ, եթե նույնիսկ էլեկտրական աթոռ ու կախաղան էլ ման տան մարզերով, ժողովուրդը նրանց  ասելու է՝ «Ոչ»։

Գյումրիում արդեն նրանց «մերժել» են։  Եթե նույնիսկ փորձարկված սցենարներ էլ կիրառեն, խորհրդարանականի ժամանակ հակառակ էֆեկտով է գործելու։

Հեղափոխությունից յոթ տարի անց իշխանությունը մերժվեց, նրան ժողովուրդն ասում է՝ գնա «նախկիններից չեմ վախենում, որովհետեւ դուք ավելի՛ վախենալու եք»։ Հենց այս վախի ներքո են ապրում իշխանականները, բայց դա էլ երկար չի տևի։

 Armday.am