Ես եմ հարցազրույց անցկացրել ձեր հետ, ասացի՝ շատ տաղանդավոր կին է, պետք է մտցնել ՔՊ ցուցակ, տաղանդի մասով չեմ փոշմանում. Ռուբեն Ռուբինյանն՝ Աննա Գրիգորյանին


Ես եմ հարցազրույց անցկացրել ձեր հետ, ասացի՝ շատ տաղանդավոր կին է, պետք է մտցնել ՔՊ ցուցակ, տաղանդի մասով չեմ փոշմանում. Ռուբեն Ռուբինյանն՝ Աննա Գրիգորյանին
Ապրիլ 17 13:54 2025

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պնդում է՝ քննադատելով Դաշնակցությանը՝ քննադատում է երեսպաշտությունը։

 

«Համաձայնեք, պետական գործունեության մեջ ամենակարևոր բանը հետևողականությունն է ու երբ մի ուժ մեղադրում է մեկ այլ ուժի զուտ Թուրքիայի հետ բանակցելու համար, այդ ուժը, գոնե, պետք է երեսպաշտ չլինի, եթե ինքն այդ նույնն արել է, ինքը զրկվում է այդ իրավունքից»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց Ռուբինյանը։

 

Ըստ նրա՝ երբ ՔՊ-ն իշխանության չլինի ու հաջորդ իշխանությունները բանակցություն վարեն Թուրքիայի հետ, ինքն իրավունք չի ունենա ասելու՝ ինչո՞ւ եք բանակցում Թուրքիայի հետ։

 

«Երեսպաշտությունը սպանում է քաղաքականությունը»,- ասաց նա։

 

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի ասածներին, թե կառավարական ամառանոցի վրա գումարներ են ծախսում՝ Ռուբինյանը հիշեցրեց, որ երբ նույն խմբակցությունից Արծվիկ Մինասյանը նախարար էր, քվեարկել է, որ Սերժ Սարգսյանին կառավարական ամառանոցից տուն նվիրեն։

 

«Կամ, երբ խոսում եք պադավատների մասին, ձեր ցավը տանեմ, երբ մենք 2019-ին եկանք այս շենք, դուք էլ մեր հետ նույն ցուցակում էիք, ես եմ հարցազրույց անցկացրել ձեր հետ, ասացի՝ շատ տաղանդավոր կին է, պետք է մտցնել ցուցակ, տաղանդի մասով չեմ փոշմանում, բայց հետևողականության մասով խնդիրներ կան։ Մենք եկանք, հանեցինք մի շարք ծառայողական մեքենաներ, ախր, պետք է հետևողականություն ունենալ»,- նշեց ԱԺ փոխնախագահը։