Նոր ատոմակայանի կառուցման մասով տեղաշարժ կա, մենք շարունակում ենք ուսումնասիրել այն առաջարկները, որոնք հավանական կլինեն նոր ատոմակայանի կառուցման մասով, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարը նշեց, որ այս պահին նպատակահարմար չի գտնում ներկայացնելու երկրների ցանկը, քանի դեռ որոշում չունեն.«Կառավարությունը ստեղծել է փակ բաժնետիրական ընկերություն, որը զբաղվելու է ատոմակայանի նոր մոդելի առաջարկով, հետագայում՝ նաև տեխնիկական պայմանների ստեղծմամբ, հսկողությամբ։ Հետագայում այն հանձնելու է շահագործողներին։ Առաջիկայում հաստատվելու է հաստիքացուցակը, զուգահեռ աշխատում ենք ատոմակայանի ժամկետի երկարացման ուղղությամբ։ Գործողությունների ցանկ ունենք, որոնք պարտադիր են իրականացման համար։ Մտավախություն ու մտահոգություն չունեմ, որ հնարավոր է հետ ընկնենք այս գրաֆիկից»։
Նա նաև ավելացրեց, որ երբ մոդելի վերջնականացումը լինի, այդ մասին կհայտարարեն։