Բանակում զինվորի վերջին մահը շատ ցավալի էր, թոքաբորբից է մահացել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Այս դեպքը, ըստ նրա, նշանակում է, որ այդ զորամասում պետք է համակարգված խնդիրները լսեն։
«Անպայման պատասխանատվության պետք է ենթարկվեն այն մարդիկ, որոնց անտարբերության շնորհիվ է, որ նման երևույթներ առայժմ կան»,- նշեց Քոչարյանը։
Պատգամավորը նշեց, թե իրեն ներկայացրել են 2022, 2023, 2024 թվականներին բանակում խաղերի հետևանքով ինքնասպանությունների դեպքերը։
«Ընդամենը մեկ թիվ կար, որ խաղերի հետ առնչվող ինքնասպանություն չէր։ Շատ ցավալի բաներ են ու այդ հարցերի լուծումը պետք է կարողանանք գտնել՝ մերժելով կախվածությունը, միայն թմրամիջոցից չէ կախավածությունը, երևույթները՝ հեռախոսները փակում ենք, հավաքում և այլն, ավելի խստացված են, բայց, մեկ է, էլի գտնում են ինչ-որ տարբերակներ։
Նայում ես հեռախոսի պարունակությունը՝ «Աջարաբեթ», «Վիվառո», չգիտեմ՝ ինչ։ Վերջերս էլ զինվորականը, որը ոչ զորակոչային տարիքի էր, ինքնասպան էր եղել, նայել էին տեղեկատվությունը, որ առնչություն կա կախվածության հետ։
Բանակում պետք է բացառել այս բաները, բանակը պետք է լինի շատ ստերիլ, բանակում դա բացառելու համար այն բարեփոխումները, որոնք նախատեսված են, դրա կիրառողները պետք է լիարժեք իրականացնեն այն քայլերը, որոնք նախատեսված են օրենքով»,- ընդգծեց ՔՊ-ականը։