Իհարկե, այս տարի ձյունը մի քիչ էլ կհետաձգի շինարարական սեզոնը, ենթադրում եմ ճանապարհաշինության ոլորտում, բայց մյուս կողմից ձյունը որքան էլ երթևեկությունը դժվարացրեց, բայց շատ կարևոր էր նաև մեր առաջիկա գյուղատնտեսական տարին կազմակերպելու իմաստով. այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ հիշեցնել՝ ինչպես ենք սկսել 2024 թվականը կապիտալ ծախսերի և մասնավորապես դպրոցաշինության հետ կապված հարցերով: 2024 թվականին մի շարք դպրոցներ` կառուցվող կամ կառուցված, այցեր կատարեցի և որակի հետ կապված լրջագույն պրոբլեմներ տեսա։ Ես ուզում եմ ուրախությամբ նշել, որ կարծում եմ` 2024 թվականի երկրորդ կեսում, դեռ շատ վստահ չեմ ասում, բայց շատ նման է նրան, որ որակի հարցում ոնց որ թե բեկում մտցնելու գործընթացի վրա ենք: Փոփոխություն և շարժ կա, դա ակնհայտ է: Պետք է արձանագրեմ, որ դա այդ այցերի, այդ ամեն ինչի արդյունքն է»,- ասաց նա:
Նա նշեց, որ իր համար, օրինակ, հանրապետությունում կան մղձավանջ շինհրապարակներ դպրոցների:
«Չեմ ասի որտեղ, բայց երբ որ թվերը նայենք, մենք այսօր հսկայական դպրոցներ ունենք, որոնց շինարարության տեմպերը հիմա մեզ զարմացնում է։ Այսինքն, կան ընկերություններ, որոնք արդեն աճել են, որ կարող են տարի ու կեսում, երկու տարում, ընդ որում ծավալով ահագին մեծ դպրոցներ շահագործման հանձնել համապատասխան որակով, բայց կան փոքր շինարարություն իրականացնող ընկերություններ, որոնք ասենք, մենք շինարարություն ունենք, որ չորս տարի տևում է, մոդուլային դպրոցի շինարարություն ունենք, որ չորս տարի տևում է, և այստեղ թվում է, թե լուծումները շատ պարզ են, բայց իրականում պարզ չեն, որովհետև մի քանի բանաձևեր փորձարկել ենք և ընթացս այդ իրադրության կառավարման նոր հմտություններ մենք նույնպես ձեռք ենք բերում»,- ասաց վարչապետը։