Հայաստանը մասամբ ազատ երկրների շարքում է. Freedom House-ը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2025» զեկույցը


Հայաստանը մասամբ ազատ երկրների շարքում է. Freedom House-ը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2025» զեկույցը
Փետրվար 27 11:08 2025

Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է աշխարհում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը գնահատող «Ազատությունն աշխարհում 2025» զեկույցը՝ «Դժվարին պայքար` իրավունքների ապահովման համար» վերտառությամբ: 

Ընդհանուր առմամբ, Freedom House-ի զեկույցը ներկայացնում է իրավիճակը 195 երկրում և 13 տարածքում։ Վարկանիշում երկրի ազատության մակարդակը գնահատվում է 25 ցուցանիշի հիման վրա (յուրաքանչյուրի համար երկիրը կարող է առավելագույնը 4 միավոր ստանալ): Freedom House-ի տվյալներով՝ աշխարհում ազատությունն անկում է ապրում արդեն 19-րդ տարին անընդմեջ։ 2024 թվականին իրավիճակը վատացել է 60 և բարելավվել 34 երկրում։ Վերլուծաբանները նշում են, որ մարդկության 80 տոկոսն ապրում է անազատ և միայն մասամբ ազատ երկրներում։

Ըստ փորձագետների ժողովրդավարության, իրավունքների և ազատությունների հետ կապված հետընթացը հիմնականում պայմանավորված է բռնությամբ, ընտրությունների ժամանակ քաղաքական հակառակորդների հանդեպ ճնշումներով, զինված հակամարտություններով ու բռնապետական ռեժիմի պահպանմամբ: Ազատ է համարվել 85 երկիր և 1 տարածք, մասամբ ազատ՝ 51 երկիր և 4 տարածք. ոչ ազատ՝ 59 երկիր և 8 տարածք:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն դասվել է մասամբ ազատ երկրների շարքին` հնարավոր 100-ից հավաքելով 54 միավոր (նախորդ տարվա զեկույցում մեր երկիրը նույն միավորն ուներ): Քաղաքացիական ազատությունների մասով մեր երկիրը հնարավոր 40 միավորից հավաքել է 23, իսկ քաղաքացիական ազատությունների մասով՝ հնարավոր 60-ից 31 միավոր: Տարածաշրջանային հարևաններից միայն Վրաստանն է դասվել մասամբ ազատ երկրների շարքին: Մինչդեռ Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան, Ռուսասատանը համարվել են ոչ ազատ:

Ընդհանուր առմամբ, լավագույն ցուցանիշն արձանագրվել է Ֆինլանդիայում, որը, ըստ Freedom House-ի, ամենաազատն է՝  100 միավորով։ Նորվեգիան, Շվեդիան և Նոր Զելանդիան մեկ միավորով էին զիջում առաջատարին: