«Հիվանդ եմ թատրոնով, բժիշկներին էլ չեմ հավատում, դրա համար 3 թատրոնում եմ բուժվում». Դավիթ Հակոբյան


«Հիվանդ եմ թատրոնով, բժիշկներին էլ չեմ հավատում, դրա համար 3 թատրոնում եմ բուժվում». Դավիթ Հակոբյան
Սեպտեմբեր 15 03:17 2017

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը երեկ մարդաշատ էր, քան երբևէ: Առիթը ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանի հոբելյանական երեկոն էր. դերասանն իր 60 ամյակի մեկնարկը սկսեց անակնկալներով, որոնց հեղինակները ոչ միայն ընտանիքի անդամներն էին, այլև` ուսանողներն ու գործընկերները: Լրագրողների հետ զրույցում Դավիթ Հակոբյանը նշեց, որ ծննդյան առավոտն աշխատանքային է եղել, դաս, ուսանողներ, բեմադրության փորձ: Հակոբյանը նշում է, բոլոր տարեդարձները անխթիր բեմում՝ սիրելի մարդկանցով շրջապատված է տոնում:  Առաջին շնորհավորանքն էլ կնոջից է ստացել, պարզաբանում է, որովհետեւ առաջինը նրան է տեսնում կողքին: 

«Իմ բախտը գրեթե միշտ բերել է, որովհետեւ թատրոնում եմ նշում, որովհետեւ թատերաշրջանի բացումը սկսվում է իմ ծննդյան տոնով, հետո երեկոյան գնում եմ տուն»,- անկեղծանում է Դավիթ Հակոբյանը:

Անդրադառնալով այս տարիների ձեռքբերմանն ու կորուստներին, նաև՝ նյութական նվերների կարևորությանը՝ Դ. Հակոբյանը խոստովանեց. «Գլխավոր ձեռքբերումը ընտանիքս է, կոլեգաներս, ընկերներս, աշակերտներս: Երեկ կրկին համոզվեցի, որ նրանք ինձ շատ են սիրում: Ի՞նչ կա կյանքում առավել կարևոր, քան այն, որ դու մենակ չես: Ցավոք, կորուստներ էլ ունեմ, հարազատներիցս շատերին եմ կորցրել: Բայց ի՞նչ կարող ես անել, կյանքը շարունակվում է… Ինչ վերաբերում է նյութականին, ապա մի շատ լավ խոսք կա՝ «նվիրած ձիու ատամները չեն հաշվում»: Նվերը ոչ թե իր գնով է արժեքավոր, այլ այն մարդով, ով նվիրում է: Նրա էներգիան է դրված այդ նյութականի մեջ»:

Ի դեպ նույն օրը տեղի ունեցավ Փրկության կղզի» բեմադրությունը, որը սակայն կեսից այլ ընթացք ունեցավ: Նախատեսված էր, որ պետք է մեկ ներկայացում լիներ, որից հետո շնորհավորանքներ կհնչեին ու հյուրասիրություն կլիներ: Բայց գործընկերները որոշել էին դերասանին  փորձել ու հասկանալ՝ կարո՞ղ է  տակից դուրս գալ, թե՞ ոչ: Բեմական այս անակնկալին իրենց ակտիվ մասնակցությունն էին բերել դերասանի որդին և հարսը, սակայն նրանց հաջողվել էր հայրիկից այդ ամենը գաղտնի պահել: Դերասան- ռեժիսոր Դավիթ Հակոբյանը պատվով է կատարում իր առաքելությունը:

Սիրված դերասանին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորեցին գործընկերները, հարազատներն ու մտերիմները: Հոբելյանական 60-րդ տարեդարձի առթիվ Մշակույթի նախարարության կողմից Դավիթ Հակոբյանը պարգեւատրվեց ոսկե մեդալով: Թատերական գործիչների միությունը Հակոբյանին եւս պարգևատրեց ոսկե մեդալով: Իսկ Թատերական ինստիտուտի ղեկավարության կողմից էլ «Պատվավոր շրջանավարտ» մեդալի արժանացավ: 

Հավատարիմ մարդ, լավագույն ընկեր այսպես որակեցին Դավիթ Հակոբյանին ներկաները:  Դավիթ Հակոբյանն ասում է, որ հիվանդ է թատրոնով, բժիշկներին էլ չի հավատում, դրա համար էլ որոշել է բուժվել միանգամից երեք թատրոնում: Հակոբյանի խոսքով թատրոնը սիրում է անբացատրելի սիրով, այնպես ինչպես չի կարող բացատրել, թե ինչու է անչափ սիրում թոռնիկներին:

Թատրոնը նրա հոգում է, հանդիսատեսը նրան սիրում ու գնահատում է: Դրա վառ ապացույցը չդադարող ծափահարություններն էին:

Դավիթ Հակոբյանի ծննդյան օրվա մտապահած երազանքը մեկն է՝ ուզում է առողջ լինել ու այնքան ապրել, որ կարողանա ծոռան հարսանիքին պարել:

Armday.am-ը ևս շնորհավորում է Դավիթ Հակոբյանին՝ մաղթելով բեմական և անձնական նորանոր ձեռքբերումներ: