Մենք ասում ենք, որ ունենք օկուպացիայի տակ գտնվող տարածքներ՝ 200 քառակուսի կիլոմետրից ավելի, որոնք պետք է ներկայացնենք սահմանազատման գործընթացի ժամանակ: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդրին, դիտարկելով, թե տրամաբանական կլիներ, որ սահմանազատումը սկսվի ոչ թե հյուսիսից, այլ հարավից:
«Սկսել հյուսիսի՞ց, թե՞ հարավից... դուք էլի ձեր մտքի մեջ ունենք բան գծած, որը ձեր մտքի մեջ է: Ինձ մնար՝ Հայաստանի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կարող է ավարտեի Ատլանտյան օվկիանոսով: Բայց մեզանից բացի՝ մոլորակի վրա կա ևս 200 պետություն:
Երբ առնչվում ենք հարցերի, որոնք վերաբերում են ոչ միայն ՀՀ-ին, այլև այն 200-ից յուրաքանչյուր այլ երկրի, ապա պետք է հասկանանք, որ որևէ բան կարող ենք անել, երբ երկկողմ համաձայնություն կա այդ մասին:
Մենք շահագրգիռ ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի: Մենք համարում ենք այն խաղաղության գործընթացի շատ էական, կարևոր բաղադրիչ, հենասյուներից մեկը: Ե՛վ մեր կողմից են եղել կառուցողական ջանքեր, և՛ ադրբեջանական կողմից. եկել ենք ինչ-որ ընդհանուր հայտարարի: Կարելի էր մի քիչ այսպես, կարելի էր մի քիչ այնպես… Շատ բան էր կարելի: Հիմա պայմանավորվածություն ունենք շատ հստակ»,- ասաց Միրզոյանը:
Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի կողմից արված համատեղ հայտարարությունից ընդամենը 24 ժամ անց Բրիտանական կառավարությունը իր քաղաքացիներին հորդորել է խուսափել ՀՀ որոշ սահմանամերձ շրջանների ճանապարհներով երթևեկելուց։
«Կա՛մ ձեզ լավ չեն ասել, կա՛մ ամբողջը չեք կարդացել։ Մեղմացում կա Հայաստանի նկատմամբ արվող ռեկոմեդացիաների մասով, ահաբեկչության վտանգի մասին լուրջ կտորն էլ դուրս է հանված։ Բրիտանական կարգավորումը այս փուլում մեղմացում է ունեցել Հայաստանի նկատմամբ»,- նշեց Միրզոյանը: