Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը


Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը
Հունվար 17 22:45 2025

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, այսօր կայացել է Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհի գործով դատական նիստը։

Նիստին որպես վկա հարցաքննվեց դասակի հրամանատար Տիգրան Մանասարյանը, որը ցուցմունքում պատմեց, թե հերթապահությունը փոխանցել էր Եղիշե Հակոբյանին, ապա, դեպքի մասին իմանալով, մեկնել դեպքի վայր, որտեղ տեսել է Տիգրան Ղազարյանին, զինծառայողներ Ռադիկին, Արսենին, Վաղինակ Մանուչարյանին։Ըստ նրա՝ ՌՈ-ն՝ մինչև մարմինների տարհանումը, նրանց տարավ այդտեղից։ Նա հայտնեց, որ Տիգրան Ղազարյանը, Ռադիկը լացելով ասել են՝ տղաները վառվել են։ Եղիշե Հակոբյանին ինքը դեպքի վայրում չի տեսել, չի բացառում, որ նրան արդեն տեղափոխել էին։ Նա հայտնեց, որ ականատես է եղել, թե ինչպես են «Ուրալ»-ի հարվածած անկյունից դուրս բերում զինծառայողների մարմինները։ Նա նշեց, որ կրակ չի տեսել, հրշեջ ծառայությունն արդեն մարել էր, սակայն ծուխ տեսել է, հրշեջները ջուր տանում էին։

Մանրամասներ հայտնելով դիակների դուրսբերման աշխատանքից՝ նշեց, որ պլանավորումը չի կարող ասել, իրավիճակը խառն էր, «Ուրալը» հարվածել էր պատի ձախակողմյան հատվածից, հենց այդ հատվածում էքսկավատորը մաքրել է, իրենք էլ՝ մուտք են գործել, անձամբ ինքը դիակներին չի կպել, տեսել է՝ ինչպես են տարհանում․ «Դիակները անկյունից, որտեղ «Ուրալը» հարվածել էր, այդ հատվածից հանել են»։ Նախամուտքի մոտ վկան վառված զենք է տեսել։ Բոլոր դիակները, ըստ նրա, առաջին հայացքից՝ տեղում էին, «բռնցքամարտիկի» դիրք ունեին, կարծես կծկված լինեին, մարմինները ննջասենյակում էին, մեկ հոգու հյուրասրահից են հանել, որտեղ վառարանն էր դրված, մեկ հոգու էլ՝ պատուհանի տակից․«Բարսեղյան Գագիկին եմ հիշում, փորի վրա ոնց կար՝ այդպես մնացել էր»։

Նա նկատել է նաև ծռված ճաղավանդակներ ու նշեց, որ պատուհանից հնարավոր չէր մուտք գործել, քանի որ ծուխը չափից մեծ էր։

Ինչ վերաբերում է դեպքից հետո իր հարցազրույցին, ապա վկան այն «խմբագրեց», նշեց՝ ավելի շատ քննադատական էր, հոգեբանական լարված, վատ վիճակում էր հայտարարել, թե բենզին չի եղել, քանի որ տրակտորների աշխատանքի համար բենզին էր պետք։ Նա նշեց, որ հարցազրույցից կես ժամ անց զորացրման հրաման է ստացել, ինքն իր կամքով համաձայնել է, զորացրվել։

Նա նաև պատմել է, որ Եղիշե Հակոբյանը սեր ուներ թմրամիջոցների հետ, նույն վարձակալած բնակարանում են ապրել, մի օր արթնացել է արտասովոր հոտից, ապա՝ հյուրասրահում տեսել, որ Հակոբյանը կաթուցիչով թմրամիջոց էր օգտագործում։ Ռազմական ոստիկանությունից էլ էին եկել, ինչ-որ խոտեր հայտնաբերել։ Հակոբյանից բացի՝ վկան տեղյակ է եղել, որ զինվորներից ոմանք հաշվառված են եղել թմրամիջոցի օգտագործման մասով, թմրանյութերի թեստ են հանձնել, Հակոբյանը՝ նույնպես, իսկ թե ինչու է փորձաքննության պատասխանը մաքուր եկել՝ չգիտի։ Վկայի և Եղիշե Հակոբյանի միջև վեճ է եղել, որի ընթացքում Հակոբյանը նաև հայտնեց, որ ցուցմունք կտա, բայց՝ ոչ տեսախցիկների ներկայությամբ, ըստ այդմ, դատական նիստը ընթացավ՝ առանց ԶԼՄ-ների։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։ Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։ Գործն այժմ գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։ Գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։