ՀՀ-ն կարող է վերածվել եվրաատլանտյան «ուլտրալիբերալիզմի» կղզյակի, դառնալ «ֆորպոստ»․ քաղաքագետ


ՀՀ-ն կարող է վերածվել եվրաատլանտյան «ուլտրալիբերալիզմի» կղզյակի, դառնալ «ֆորպոստ»․ քաղաքագետ
Հունվար 16 20:46 2025

Քաղաքագետ Հակոբ Բադալայնը գրում է․

«Այս օրերին, երբ ստորագրվեց հայ-ամերիկյան կանոնադրությունը, հաճախ հնչել է հարցը, թե արդյո՞ք այն, որ Վրաստանի հետ նույնանման կարգավիճակը ԱՄՆ սառեցրել է, ավելի մեծ շեշտադրում կառաջացնի Հայաստանի հանդեպ: Նույն հարցը շոշափվում է ի դեպ Եվրամիության առնչությամբ:

Այստեղ թերեւս հարկ կա հարցին բավականին ընդգրկուն հայացք գցելու, որովհետեւ հարցադրումը, որ հիշատակեցի, ավելի շուտ թերեւս մեխանիկական է, այլ ոչ քաղաքական:

Դա բխում է այն իրողությունից, որ քաղաքական իմաստով Վրաստանում տեղի ունեցողը հայաստանյան հարթակներից դիտարկվում է Հայաստանի համար «ավանդա-կաղապարային» պրիզմայով՝ Արեւմուտք, թե Ռուսաստան:

Գործնականում, ինչպես առիթ եմ ունեցել կարծիքս արտահայտել դեռ Վրաստանում խորհրդարանի ընտրությունից շատ առաջ, այնտեղ ծավալվողը ավելի շատ ներարեւմտյան մրցակցություն եւ դիմակայություն է, արտահայտելով ըստ էության այն ոգին, տրամաբանությունն ու փիլիսոփայությունը, որն առավել բարձր տրամապաչափով, կշռով եւ ազդեցությամբ արտահայտվեց արդեն ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքի տեսքով՝ Վրաստանի խորհրդարանի ընտրությունից օրեր անց:

Վրաստանը ներարեւմտյան պայքարի «կիզակետ» էր, այլ ոչ թե Արեւմուտք-Ռուսաստան: Բնականաբար, այդ շերտն էլ կա, բայց դա չէր դոմինանտը:

Եվ այդ իմաստով, թե ԱՄՆ, թե ԵՄ հետ այսպես ասած փաստաթղթային կարգավիճակների կամ բազայյի հանդեպ որոշումները, սառեցումներն ու կասեցումները իրական քաղաքականության միայն ջրի մակերեւույթն են, իսկ ստորջրյա հատվածում պատկերը բոլորովին այլ է: Մասնավորապես, Վրաստանն այդ իմաստով ոչ թե կորցնում է արեւմտյան հայացքի համար արդիականությունը, այլ հակառակը՝ կարող է հայտնվել եվրաատլանտյան միջավայրում դոմինանտության գնացող այսպես ասած աջ-կոնսերվատիզմի կովկասյան «կենտրոնի» կարգավիճակում:

Ինչ խոսք, հնարավոր է, որ այսպես ասած եվրաատլանտյան լիբերալիզմն էլ փորձի «կենտրոնանալ» Հայաստանում, Հայաստանը դարձնել իր «ֆորպոստ»: Ընդ որում, կան դրա նշանները: Սակայն, դա արդեն բոլորովին այլ իրավիճակ է, քան այն, ինչ պատկերացվում է ամենավերեւում հիշատակածս՝ հաճախ հնչող հարցադրման համատեքստում:

Ընդ որում, բավականին ռիսկային իրավիճակ, որովհետեւ այդ պարագայում Հայաստանը կարող է վերածվել եվրաատլանտյան «ուլտրալիբերալիզմի» կղզյակի, շրջապատված ըստ էության աջ-կոնսերվատիզմի ստատուս-քվոյով, եթե այդուհանդերձ ներատլանտյան միջավայրում հաստատվի այդ փիլիսոփայության եւ գաղափարաբանության գերակայություն:

Այդ դեպքում Հայաստանին կարող է սպառնալ «ուլտրալիբերալիզմի գաղափարախոսության» համար «անմեղ նահատակի» կամ «անձնուրաց մահապարտի» ճակատագիր»