«Միասնության թևեր» շարժման համակարգող Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել՝ Փաշինյանին խորհուրդ տալով հավաքել սրտիկներն ու պաչիկները և պատրաստվել նախկին դառնալուն։
«Պարո՛ն Փաշինյան, ասում եք՝ եթե ինձ չընտրեք վարչապետ, Ադրբեջանն ինձ «պոդդերժկա» կանի ու կհարձակվի Հայաստնի վրա։ Մարդ եք բերո՞ւմ մեր վրա, պատերազմով եք հայ ժողովրդին սպառնո՞ւմ։ Ձեր խնդիրն Ալիևի «տասովշիկ» լինելը չէ․ Դուք զբաղեցնում եք Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Ասեմ՝ իմանաք, որ Հայաստանում կա պատերազմի մեկ կուսակցություն՝ Ձեր ղեկավարած քաղաքական ուժն է, որը հայ ժողովրդի գլխին բերել է երեք պատերազմ, երեք պարտություն և երկրորդ ցեղասպանությունը։ Հայաստանում ձեզնից բացի, չկա պատերազմի այլ կուսակցություն, և Ձեր հայտարարությունն ամբողջությամբ սուտ է։ Դուք դրա մասին լավ գիտեք։ Ես սա ասում եմ նաև այն քաղաքական ուժերի մասին, որոնք գործում են Հայաստանում»։
Թաթոյանը հավատացրեց՝ հայ ժողովուրդը երբեք չի ցանկացել ու չի ցանկանում պատերազմ։ Ըստ նրա, պատերազմ չի ցանկանում նաև Ադրբեջանի ժողովուրդը։
«Բայց Ադրբեջանի պես վարչակարգերի համար պատերազմները եղել ու շարունակում են մնալ իշխանություն պահպանելու գործիք։
Դուք հիմա եկել, մեզ սպառնում եք պատերազմով։ Ադրբեջանական սպառնալիքը, Ադրբեջանին դարձրել եք մեր ընտրություններում գլխավոր գործոն։ Հերիք չի՝ դարձել եք Ալիևի մարդը, կամակատարը, նրա պատվին սահմանադրական փոփոխություններ եք ուզում անել, մի հատ էլ սպառնում եք պատերազմով։
Արման Թաթոյանն ընդգծեց՝ երկրի բարձունքներն Ադրբեջանին զիջող, երկրի տարածքում ադրբեջանական դիրքերի առաջխաղացումներն ապահովող ու այդ ամենը գաղտնի պահող ուժի ղեկավարը հիմա եկել, ասում է, որ թույլ չի տալու Հայաստանի ղեկավար ընտրվի միայն նրա շահերով առաջնորդվող մարդը։
Դիմելով Փաշինյանին՝ ասաց․
«Դուք պետք է հավաքեք ձեր սրտիկները, պաչիկները ու վախերը և պատրաստվեք նախկին դառնալուն։ Հայ ժողովուրդն արժանի է ապրել իրական խաղաղ երկրում, որը հիմնված չէ պատերազմի սպառնալիքի վրա։
Չհամարձակվե՛ք սպառնալ մեր ժողովրդին, ժողովուրդն իրավասու է անել արժանապատիվ ընտրություն հանուն նրա, որ ունենա ղեկավար, որի համար միակը Հայաստանի շահերն են։ Ինձ համար միակը Հայաստանի շահերն են ու ես առաջնորդվելու եմ միայն Հայաստանի շահերով»։










