2024 թ. ՀՀ շարունակել է ընդլայնել հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրների հետ. ԱԳՆ ամփոփում


2024 թ. ՀՀ շարունակել է ընդլայնել հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրների հետ. ԱԳՆ ամփոփում
Հունվար 11 18:31 2025

2024 թ. ՀՀ շարունակել է ընդլայնել հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

 Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին անգամ տեղի ունեցավ արտաքին գործերի նախարարի պաշտոնական այց Ռիյադ։ Տարեկան ամփոփիչ ասուլիսում նախարար Միրզոյանն ընդգծեց, որ «բավականին հետաքրքիր զարգացումներ են նախանշվում, պետք է աշխատել այս ուղղությամբ»։ 

Կայացել է նաև ԱԳ նախարարի պաշտոնական այցը Կատար, որի շրջանակներում, ի թիվս այլ թեմաների, հանգամանալից անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերի, այդ թվում նաև՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: 

Այցերի ժամանակ նախարար Միրզոյանը հարցազրույցներ է տվել տեղի առաջատար լրատվամիջոցներին՝ անդրադառնալով ինչպես Մերձավոր Արևելքի երկրների հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկային, հեռանկարներին, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին։

 Տեղի է ունեցել նաև նախարար Միրզոյանի աշխատանքային այցը Բահրեյն, որտեղ ՀՀ-ն արդեն երկրորդ անգամ մասնակցել է «Մանամայի երկխոսություն» միջոցառմանը։ 

Միացյալ Արաբական Էմիրությունների հետ ևս ձևավորվել է հետաքրքիր և խոստումնալից երկխոսություն: Քաղաքական օրակարգից զատ, նշենք որ 2024 թ. փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել ՀՀ և ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունը, ինչն էականորեն նպաստել է շբոսաշրջային շարժին, շփումների ակտիվացմանը. 2023 թ. համեմատությամբ ՀՀ-ից ԱՄԷ այցելություններն աճել են 58%-ով:

Շարունակվել են աշխատանքները Ծոցի տարածաշրջանի մյուս երկրների հետ համագործակցության խորացման ուղղությամբ։

Հունիսին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց Պաղեստինի Պետությունը, որին հաջորդեց Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Պաղեստինի Պետության վարչապետի կողմից դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմունիկեյի ստորագրումը: 

 Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նախարար Միրզոյանն անդրադարձավ նաև Սիրիային. «Սիրիայում վերջին իրադարձություններից հետո կամ ընթացքում, եթե հետևել եք, տեղյակ եք մամուլի հրապարակումներից, մենք շատ կարճատև բացակայություն ունեցանք այդ երկրից` սկզբից Հալեպում մեր գլխավոր հյուպատոսության, այնուհետև Դամասկոսում մեր դեսպանության անձնակազմը ստիպված եղավ մի քանի օրով բացակայել Դամասկոսից և համապատասխանաբար Հալեպից։ Այնուհետև, նրանք շարունակեցին իրենց աշխատանքը հյուրընկալ այս պետությունում։ Հաստատվել են կապեր նոր ադմինիստրացիայի հետ, նոր իշխանությունների հետ և կշարունակենք աշխատել»: