ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով. փոփոխություններ կարվեն. Փոխնախարար


ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով. փոփոխություններ կարվեն. Փոխնախարար
Նոյեմբեր 28 13:27 2024

ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր  աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը։

Նա նշեց, որ առաջարկվող  փոփոխությամբ կունենանք օրհներգի մեկ միասնական տարբերակ, որը  կօգտագործվի բոլոր միջոցառումներին՝ որակյալ ձայնագրություններով և ճշգրիտ կատարումներով.«Մենք պետական  բարձրորակ խմբեր ունենք՝ երգչախումբ, ոկալ, նվագախմբեր։ Կհանձնարարենք և կանենք»։

Փոխնախարարը պնդեց, որ օրհներգից ոչ մի բան չի հանվել․«Ամբողջական տեքստը, որը կար 2006 թվականի տարբերակում, ամբողջությամբ մնացել է, տների տեղափոխություն է տեղի ունեցել։ Հիմնը պետք է ունենա  իր դինամիկան, որպեսզի  տրամաբանական զարգացում կատարվի։ Առաջին տան մեջ մենք խոսում ենք հայրենիք-պետության  մասին, երկրորդում՝ ազատության փիլիսոփայության մասին, երրորդում՝ պետականության մյուս կարևոր նշանի՝ դրոշի մասին, և այն վերջացնում ենք ուղերձով՝ «թող միշտ պանծա Հայաստան», որն ուղերձ է այսօրվա քաղաքացուն»։

Դիտարկմանը, թե այն հեղինակային ստեղծագործություն է, արդյո՞ք իրենք  իրավասու են փոփոխելու՝ Դանիելյանը պատասխանեց.«Միքայել Նալբանդյանը գրել է «Իտալացի աղջկա երգը», որն ուրիշ տրամաբանությամբ և ուրիշ ակնկալիքներով է եղել։ Իսկ հիմա մենք խոսում ենք պետական օրհներգի մասին»։